Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/179

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երբ կնոջ գիրկը լցվեց երեխաներով, մեկին հաջորդեց երկուսը, երեքը, չորսը և դեռ պիտի հաջորդեին հինգը և վեցը։

Լեռան քաղաքի բնակիչների մեծամասնությունն իջավ դաշտը, որտեղ մեղմ քամին օրորում էր ծառերի տերևները, ծաղիկները և կանանց ծամերը։ Օդը մեղմ էր և առողջարար, հենց լեռան ստորոտից բխում էին քաղցր և սառը ջրերը, որ առվակներով անցնում էին դաշտից։ Դաշտի բարիքը լեռան գագաթը փոխադրելու այլևս կարիք չկար, մանուկներն անգամ աշխատում էին պարտեզներում և այգիներում, որովհետև տները կառուցված էին հենց պարտեզներում և այգիներում, մեծ, բազկատարած ծառերի հովանիների տակ։

Դաշտի տները ծածկվում էին եղեգնյա ճյուղերով և հողով։ Հորդառատ, կատաղի անձրևները աշնանը ծակում էին հողե կտուրները և վազում տների ներքնակողմը։

Անդրեասն սկսեց շինել կիսախողովակաձև աղյուսներ, որպեսզի կտուրները ծածկվեն այդ աղյուսներով։

Սկզբում դաշտեցիները չհավատացին, թե այդ կիսախողովակաձև աղյուսները կարող էին անձրևները պահել տների ներսը հոսելուց, ուստի Անդրեասը քանդեց իր տան կտուրը և վերաշինեց այն այդ աղյուսներով։ Օրինակը վարակիչ դարձավ, և հաջորդ տարին կիսախողովակաձև աղյուսները հացի պես ծախվեցին։

Կարմիր կղմինդրներով ծածկված կտուրները պարտեզներում և այգիներում նման էին վարդե փնջերի, բոլորված կանաչ տերևներով։

Այս նոր տեսակի աղյուսը շինելու համար Անդրեասը դարձյալ ուներ պարզ մի ձև. կավը թափում էր մի կիսագլանի վրա, վրան դնում մի ուրիշ կիսագլան՝ արանքում թողնելով մի բաց շերտ, կիսագլանը քաշում էր դուրս՝ թողնելով, որ կավը չորանա։ Չորանալուց հետո թրծում էր հնոցում, ինչպես պարզ աղյուսը։

Տները շատացան դաշտում։ Շատացան ոչ թե ամեն տարի, այլ ամեն ամիս և ամեն շաբաթ։ Ի՞նչ գործ ունեին այլևս լեռան գագաթում, մանավանդ ձմեռը պարզապես ահարկու էր այնտեղ, բուք ու բորան, կապարյա երկինք, սառնամանիք,