Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/182

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քաշում կուժը բերանները և խմում։ Խմելիս երգում էր թե՛ կուժը, թե՛ կոկորդը:

Նոր քաղաքի շուրջը փոքրիկ գյուղեր ցանվեցին, կարմիր կտուրներով և կարմիր աղյուսե պատերով։ Կարմիր պատերին մագլցեցին դդմենիները, և պատերի կարմիր ֆոնի վրա կախվեցին դեղին դդումները։

Աշնան վերջերին, երբ դաշտային աշխատանքը վերջանում էր, և խազմուզը փրփրում հնձանում, դաշտը բոլոր դեղնում էր և կարմրում։ Աշնան արևի տակ դեղին և կարմիր տերևներն օրորվում էին օդում ու ծփում կիսամերկ ծառերի տակ։ Թռչունները գաղթում էին դեպի հարավ, ողջ դաշտը թողնելով սառնամանիքի փոքրիկ հերոսին՝ ճնճղուկին։

Ձմեռը կանայք բամբակի բոժոժներ էին մաքրում, ծամոն ծամում, անվերջ շաղակրատում և ծիծաղում, տղամարդկանցից գաղտնի լպստված պատմություններ պատմում, իսկ տղամարդիկ խմում էին թանձր, թանաքի նման մուգ գինի և քնում։

Իսկ բրուտանոցում լռություն էր և ցուրտ։ Կավը սառչում էր, եղյամ կապում սպիտակ և ծածկլտուն։ Ձմեռը բոլոր՝ բրուտանոցներում ոչ մի ոտ չէր կոխում, չարխերը սառչում էին, դարակներից գինու կժերը նայում էին տխուր և մռայլ, որովհետև նրանց ընդերքը դեռ չէր ալեկոծել գինու ջերմությունը։

Ծերունի Անդրեասը, բոլորված իր որդիներով, աղջիկներով, հարսներով և թոռներով, կարդում էր Ավետարանը, մագաղաթյա հոտավետ գրքերը և պատմում լեռան քաղաքի քարտաշ Դավթից ու ամրոցից։


Զ

Դաշտի առաջին բրուտը, Անդրեասը, որ առաջին անգամ առաջին աղյուսը թափեց, տեսավ թոռների զավակներին և տեսավ առաջին ծոռին։

Անդրեասի որդիները, թոռներն ու թոռների զավակները