տեսան, որ պապի կավը թրծվել էր, կարմրել, ինչպես եփած ճակնդեղը։
— Թող մնա, մինչև իրիկնային քամին բարձրանա և սառեցնի,— ասաց հայրը։
— Թող մնա,— ասաց որդին։
Երեկոյան, երբ քամին բարձրացավ և սառեցրեց հնոցը, նրանք դուրս հանեցին կիսանդրին և դիտեցին։
Հովնաթանը տեսավ և տխրեց, նրա հոգին կարծես մուտք գործեց դեպի գիշերը, իսկ Երեմիան ուրախ էր, որովհետև ոչինչ չնկատեց, նա միայն հափշտակվեց հոր մեծ ճակատով, խիտ հոնքերով և կուրծքը ծածկող միրուքով։
Կիսանդրին մի քիչ այլանդակվել էր՝ թաց-թաց թրծելու պատճառով։
Հաջորդ կիրակին նորից հավաքվեցին պապի բոլոր որդիները, աղջիկները, թոռները, թոռան զավակները, հարսներն ու փեսաները, գրկեցին պապի կիսանդրին, անցան հեղեղատը և դրին այն սպիտակ և կանաչ երակներով շիրմաքարի գլխավերևը։
Եվ դաշտեցիները բոլոր, զարմացած ու հիացած, գնում էին խումբ-խումբ տեսնելու կիսանդրին, տեսնում էին և կարդում տապանագիրը՝
Անդրեաս
որդի Դավթի և Մարիամի
Թե որտեղից և ինչպես Հովնաթանը սովորել էր քանդակել՝ բոլորի համար մնաց գաղտնիք, բայց Հովնաթանը երկար էր աշխատել, բոլորից գաղտնի, հափշտակությամբ և ներքին անիմանալի մղումով։
Նա տեսել էր եկեղեցում Քրիստոսի խաչելության արձանը, տեսել էր հրեշտակների արձաններ թևերով և կաթնագույն, փոքրիկ, վարդի կոկոնի նման թարմ նշաններով, տեսել էր նաև լեռան քաղաքի հին ամրոցում կոտրված արձաններ, երբեմն գլուխներ՝ առանց մարմնի, երբեմն մարմիններ՝ առանց գլխի, որոնք բոլորն էլ հավաքված էին մի մութ սենյակում։