Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/194

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կային արձաններ և ամրոցի պատերի ու պարիսպների վրա, բարձր, էլի կոտրտված, աղճատված վիճակում։

Եվ ամեն անգամ, երբ Հովնաթանը տեսել էր այդ բեկորները, նրա մանկական հոգին խայտացել էր խոր ուրախությամբ, այդ խայտանքին հաջորդել էր ներքին, թաքուն մի դող, որն սկիզբն էր ստեղծագործության և որին բոլորովին անծանոթ էր նրա գիտակցությունը։

Եվ բրուտանոցում, բոլորից բացարձակապես գաղտնի, Հովնաթանը շինել էր ձեռքեր, գլուխներ, ոտներ, փոքր, շատ փոքր մեծությամբ և չէր համարձակվել ցույց տալ հորը կամ հորեղբայրներին, մինչև անգամ ցույց չէր տվել պապին, որն իրեն այնքան սիրում էր, որն իրեն անպայման կքաջալերեր անսահման չափով։ Բացի մարմնի այս մասերից, նա կավից սարքել էր մի փոքրիկ սայլ, ճիշտ նման իրենց սայլին՝ զույգ եզներով։ Հովնաթանը քանդակել էր նաև զանազան տեսակի պտուղներ, տերևներ, քանդակել էր Քրիստոսը խաչի վրա։

Եվ ահա պատանի Հովնաթանը, ցնցված պապի մահվամբ, տոգորված նրան անմահացնելու բուռն տենչով, հանդգնեց քանդակել և նրա կիսանդրին։

Պապի կիսանդրիից հետո՝ Հովնաթանն սկսեց զբաղվել արձաններ շինելով այլևս համարձակորեն։

Նա չէր տեսել ոչ մի վարպետի ձեռք, նա չէր լսել ոչ մի վարպետի հրահանգ։ Նա մինչև անգամ կարծում էր, որ ոչ ոք աշխարհում կավից արձաններ չի շինել, այլ շինել էին ուղղակի քարից կամ բրոնզից և որ կավից արձաններ քանդակելու գյուտը բացարձակապես պատկանում էր իրեն, որովհետև նա չէր տեսել արձանի ստեղծման ոչ մի պրոցես։ Ահա քարտաշն էլ շիրմաքարը ձևավորեց ուղիղ քարից։

Անվերջ քանդակելով՝ Հովնաթանն ըմբռնեց մարմնի ձևերը, հասարակ աչքերով աննշմարելի խորությունները, բարձունքները և ծավալները։

Պապի կիսանդրիից հետո՝ հայրն սկսեց ուշի-ուշով հետևել որդու աշխատանքներին, նրա ամենափոքրիկ փորձերը խոր հրճվանքով էին լցնում նրան, բայց միաժամանակ մտածում էր. «Հովնաթանը եղավ տասնևութը տարեկան, ես և եղբայրներս հոգնած ենք, լավ կլիներ Հովնաթանն անցներ