Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/20

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
* * *

Ամառը հայրս անցկացնում էր երկար ժամեր տան պարտեզում, ջրհորի մոտ, մի մեծ վարդենու կողքին։

Առավոտվանից ջրհորն էին իջեցնում մի փոքրիկ կողով։ Այդ կողովում՝ մի փոքրիկ շիշ օղի, կանաչի և մրգեր։ Հորս նստելն ու ջրհորի կողովը վեր բարձրացվելը մեկ էր լինում։ Կողովի բովանդակությունը մայրս ինքը դարսում էր վարդենու տակ դրված սեղանի վրա։

Քույրերիցս մեկը հանում էր հորս կոշիկը, փոխարինելով հողաթափով։

Մեկ-մեկ երկարում էր հայրս, բռնում վարդենու ճյուղը, մոտեցնում քթին և հոտոտում մութ-կարմիր, մեծ վարդը։

Այդ անէացած աշխարհի կապույտ մոխրում այժմ էլ, զգում եմ, կաթում է այդ վարդենու արյունը, կաթում է արցունքի նման, ցողի նման, կաթում է եղևնու խեժի նման։

Այդ բոլորի վրա փլվեց կապույտ երկնակամարը, փլվեց ինչպես հին տաճարի փիրուզյա գմբեթը երկրաշարժից։

* * *

Նոր Տարու գիշերը, երբ մենք՝ մանուկներս, սպասում էինք Ձմեռ-պապիին, որ մեզ բերեր Նոր Տարու նվերներ, մեր դուռը բախեց մահը, բռնեց հորս ձեռքը, սեղմեց ջերմագին և նրանք, մահն ու հայրս, թևանցուկ դուրս եկան տնից, քայլեցին սպիտակ ձյունի վրայով։

Գնացին և էլ չեկան։

Բ

Ես կարծում եմ, որ աշխարհում եղել են երկու քրիստոնյա։ Մեկը ինքը՝ Քրիստոսը, հրեա, իսկ մյուսը՝ մայրս, հայ։

Նա միայն մի գիրք էր կարդում՝ Ավետարանը։ Ամբողջ օրը նա ջանում էր միայն մի բան անել՝ իրագործել Ավետարանի պատվերները։ Աղքատների հետ ճաշի էր նստում, բարեգործություններ