Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/19

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
* * *

Ճաշում ենք լուռ։

Լռությունը դաժանագույն պայման էր, ոչ մի ծիծաղ, ոչ մի խոսք. այսպես էր պահանջում հայրս։

Մայրս դեմ էր այդ լռության, նա սիրում էր, որ ճաշն անցներ ճիչերով, ծիծաղով, թեև անկարգ, բայց ուրախ կանչերով, մեկը փրթկացներ, պատառը բերանում (այսպես էինք ճաշում, երբ հայրս բացակա էր), բայց երբ հայրս ներկա էր, մայրս էր, որ լռության էր հրավիրում բոլորին, որովհետև այդպես էր ամուսնու կամքը։

«Ծիծաղ և խոսակցություն ճաշից առաջ և հետո, բայց երբեք՝ ճաշի ժամանակ»,— այս էր հորս փիլիսոփայությունը։

Երբեմն փորձում էինք շուռ տալ կարգը, հայրս սաստում էր.

— Ծո, ձա՛նդ...

* * *

Տարին երկու անգամ հայրս հագնում էր նշանազգեստը, հագնում էր հայհոյելով, որովհետև այդ զգեստով դժվար էր նստել էշի վրա։ Այդ նշանազգեստը երկար, սև սյուրտուկ էր, առաջը վերից վար կոճկված, բարձր օձիքով՝ վրան սրմայով բանված, ծոպավոր, ոսկեհուռ ուսադիրներ, կրծքի վրա աջ ուսից շեղակի իջնում էր ալիքավոր, լայն, կանաչ ժապավենը։ Գնում էր պետական պարադի, վերադառնում տուն և անմիջապես հանում, կրկնելով. «Օֆ, օֆ, օֆ, օֆ, ազատվա»։

Այդ օրն ամրողջ տունը լուռ էր, տոնական խաղաղություն, տան բակի սալահատակն այնքան մաքրված էր լինում, որ աղոտորեն անդրադարձնում էր վրան քայլող մարդկանց ստվերները։ Տան ֆասադը զարդարված էր լինում թրքական մահիկազարդ դրոշակներով, դուռը կամարված կանաչ ուռու ճյուղերով, որոնց մեջ կախվում էին գույնզգույն լապտերներ՝ գիշերվա համար։