նրա ալիքների տակ շողշողում էր Մարգարիտի մարմինը, ինչպես լուսնի ցոլքը։
Մարգարիտը, տեսնելով եղբորն ավազանի թմբի վրա, ամոթից սուզվեց ջրի մեջ, բայց երկար չդիմանալով՝ բարձրացավ վեր, կուչ եկավ ջրի մեջ ձեռքերով անդադար խփելով ջրին, որպեսզի չսուզվի։ Հովնաթանը չէր հեռանում, ապշահար կանգնել էր թմբի վրա։
— Հովնաթա՛ն, գնա, հեռացիր։
Հովնաթանը հեռացավ։
Նա գնաց, հասավ դաշտի մեծ խոտերին, նստեց նրանց ետևում և այնպես արավ, որ չտեսնի քրոջը։ Խոտն օրորվում էր կեսօրվա մեղմ և քաղցրաբույր քամուց, դիպչում նրա մազերին ու երեսին։
Հովնաթանն սկսեց մտածել. Մարգարիտն այն աղջիկը չէր, որի հետ այնքան լողացել էր։ Նա փոխվել էր բոլորովին։ Մանկությունից ոչինչ չէր մնացել, կարծես մի օտար, անծանոթ աղջիկ էր, որ պատահաբար ընկել էր իրենց ավազանը։ Նրա ստինքները, դողահար՝ ջրի զովությունից, կարծես թռչում էին ջրից դուրս, մարմինը լցվել էր, ոսկորների ոչ մի հետք չէր երևում։
Եվ Հովնաթանը մտադրեց քանդակել քրոջը։
Արդյո՞ք կհամաձայներ Մարգարիտը։ Այո, Մարգարիտը եղբորը ոչինչ չէր մերժի։ Եվ բոցավառվեց Հովնաթանի երևակայությունը, նրան պատեց ստեղծագործության մի նոր և անօրինակ դող, մի աննախընթաց սարսուռ։
Հանկարծ լսեց ջինջ և զիլ մի ձայն.
— Հովնաթա՜ն... Հովնաթա՜ն...
Հովնաթանը գլուխը բարձրացրեց խոտերի միջից և տեսավ քրոջը, որը եղնիկի թեթևությամբ վազում էր իրեն։ Հովնաթանն ընդառաջեց նրան, և նրանք գրկախառնվեցին։
— Մարգարիտ,— շշնջաց Հովնաթանը,— արի քեզ տանեմ բրուտանոցը և մի բան ցույց տամ։
Մարգարիտը բռնեց իր գանգրահեր և կապուտաչյա եղբոր ձեռքը, և նրանք քայլեցին դեպի բրուտանոցը։
Մարգարիտի մազերից քամվում էր ջուրը, գալիս հասնում