Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/200

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բարձրանում էր և հետզհետե ձևավորվում մի հասակ, առույգ ու թեթև։

Վերջին օրը, երբ Երեմիան տեսավ մանկան արձանը, իր սեփական մանկան, սեփական որդու ձեռքով կերտված, նայեց Հովնաթանին, և աչքերը լցվեցին արբունքով: Երկար ժամանակ էր նրա աչքերը, այրած արևից, քամուց և հնոցի բոցից, չէին զովացել այսպիսի արցունքներով։ Վաստակավոր բրուտին թվաց, որ վերադարձան իր երիտասարդության օրերը, նրա ռնգունքները լայնացան կավի հին և զգլխիչ բույրից։

Հովնաթանը չհասկացավ հոր արցունքների իմաստը։

— Ինչո՞ւ ես լաց լինում, հայր,— հարցրեց։

Անդրեասի որդին չպատասխանեց. դիտեց Հովնաթանի հասակը և օրորեց գլուխը։

— Հավատ չունես, հայր,— ասաց Հովնաթանը։

— Հավատ ունեմ, որդի, դրա համար եմ լաց լինում։

Հովնաթանը հասկացավ հոր արցունքների իմաստը և փաթաթվեց նրա վզովը։


ԺԲ

Գարունը երկար էր տևում, բայց ամառը վրա էր հասնում հանկարծակի, մեկ օրից մյուսը դաշտում շարժվում էր օդն ալիք-ալիք, շները, շվաքի տակ անգամ, լեզուները ձգում էին դուրս և հևոցով շնչում, ծառերի և խոտի կանաչը մուգանում էր, կարծես արևը մոտիկանում էր երկրին։

Եվ մի օր, ամառվա սկզբներում, միջօրեի կիզիչ արևի տակ, Հովնաթանը տեսավ իր քրոջը, Մարգարիտին, որ լողանում էր վերի ավազանում, որի գլխավերևում հանգչում էր պապը։

Մարգարիտը տասնվեց տարեկան էր, իրենից մի քանի տարով փոքր։ Հովնաթանը և Մարգարիտը, այդ միևնույն ավազանում, միասին շատ անգամ էին լողացել, բայց վերջին տարիները բաժանվել էին իրարից բնազդորեն։

Ավազանի ջուրը զուլալ էր, ջինջ, ինչպես արցունքը,