— Ո՞վ է արել:
— Հայրիկը,— շշնջաց Հովնաթանը և թափեց արցունքները կավի վրա։
Լռության մեջ լսվում էր եղբոր և քրոջ հեկեկանքը։
— Գնա տուն,— ասաց Հովնաթանը քրոջը։
Մարգարիտը սկսեց քայլել՝ գոգնոցով սրբելով արցունքները։
Հանկարծ Հովնաթանը կանչեց։
— Մարգարի՛տ։
Քույրը ետ դարձավ։
— Ես քեզ չեմ տեսնելու, մնաս բարով։
— Հովնաթան,— հեկեկաց Մարգարիտը։
— Համբուրիր Դավթին և մայրիկին։
Մարգարիտը շտապեց տուն, զգուշանալով, որ հայրը չտեսնի իրեն։
Հովնաթանը վեր կացավ, դանդաչյունով քայլեց դեպի դուռը, նստեց դռան ետևը, գլուխն առնելով երկու ձեռքերի մեջ։
Բացվեց բրուտանոցի դուռը։
Հովնաթանը գլուխը բարձրացրեց և տեսավ հորը։ Հայրը ոչինչ չասաց և քայլերն ուղղեց դեպի չարխը։ Հովնաթանը ձայնեց.
— Հայրի՛կ...
Երեմիան կանգ առավ։
— Ես գնում եմ օտար երկիր,— ասաց Հովնաթանը ոտքի կանգնելով։
— Գնա, ինձ հարկավոր չէ անամոթ որդի,— կարճ կտրեց Երեմիան։
Հովնաթանը քայլեց դուրս։
Երեմիան մոտեցավ չարխին, դրեց կավը առաջը, նստեց, բայց ոտը չշարժվեց, մատները կապարացան։ Նրան ահավոր կերպով մտահոգում էր գանգրահեր և կապուտաչյա որդու ճակատագիրը։
«Օտար երկիր...»: Երեմիան ցնցվեց, խորասուզվեց մտքերի մեջ և, հանկարծ, վեր կացավ, վազեց տուն, եղելությունը