Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/206

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պատմեց կնոջը՝ այն խորագույն հուսով, որ կինը կմիանա իրեն և ինքը կգտնի իր մխիթարությունը։

— Ոչ մի անամոթություն չկա, եղբայր և քույր են,— ասաց Հովնաթանի և Մարգարիտի հարազատ մայրը։

— Լռի՛ր, կին,— կշտամբեց Երեմիան,— ճիշտ է ասած սուրբ գրքում — ամենայն կին անառակ է։

Կինը լռեց, երկնքի կրակը կարող էր թափվել իր գլխին։

— Գնում է՝ թո՛ղ գնա,— վերջացրեց հայրը, բայց լսեց իր սեփական հոգու հեկեկանքը։

— Ո՞ւր է Դավիթը,— հանկարծ հարցրեց նա։

Կանչեցին Դավթին։

— Առ այս մի քանի ոսկին, գնա, նստիր մեծ ճանապարհի ծայրին, Չոր Աղբյուրի մոտ. Հովնաթանը որ գա, տուր նրան և ասա՝ բարի ճանապարհ։

— Ես էլ գնամ,— աղաչեց մայրը։

Երեմիան միայն աչքերը խոլորտեց կնոջ վրա։ Կինը լռեց և կպավ պատին։ Տղամարդու խոսքն օրենք էր և օրենքը հաստատել էր ինքը՝ աստված։

Մարգարիտը լսում էր այդ բոլորը վարագույրի ետևից։ Երբ Դավիթը դուրս ցատկեց վազելու դեպի մեծ ճանապարհը, Մարգարիտը կտրեց նրա առաջը և ասաց.

— Դավիթ, սպասի՛ր, ես էլ եմ գալիս։

Մարգարիտն իջավ ներքնահարկը, վերցրեց Հովնաթանի սպիտակեղենները, ծրարեց, դուրս եկավ և ասաց․

— Գնանք, Դավիթ։

— Համբուրիր նրա կապույտ աչքերը,— շշնջաց մայրը Մարգարիտին։

Չոր Աղբյուրը հին մի կառուցում էր. նրա ջուրը վազելիս է եղել առյուծի և վագրի բերաններից, որոնք դեռ մնացել էին գրեթե անվթար, միայն անժամանակ թվականներից ի վեր, ավերվել էր աղբյուրի ակը, և ոչ ոք, ոչ մի իշխող չէր մտածել վերանորոգել և կենդանացնել այն։ Ժամանակի ընթացքում առասպել էր հյուսվել նրա շուրջը։ Ասում էին, որ գիշերները, ամեն գիշեր, միայն մի ակնթարթ, վազում է ջուրը և կտրվում է, եթե որևէ մեկը հասնի այդ վայրկյանին և խմի հոսող ջրից անմահ կլինի։ Ոչ ոք, անժամանակ