Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/208

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հովնաթանը գրկեց քրոջը, համբուրեց և ասաց.

— Արթուն եղիր, որ քո մարմինը չխոշտանգեն կյանքում, այդ մարմինը ոչ մի ժամանակ այնպես սրբությամբ չի օգտագործվի, որքան ես օգտագործեցի իմ կավի համար, զգույշ եղիր կյանքից, քո՜ւյր։

Մարգարիտը ոչինչ չպատասխանեց և թափեց դառնագույն արցունքներ։ Մթնշաղ էր արդեն, երկնքում բացվում էին աստղերը։ Հովնաթանը, տեսնելով քրոջ արցունքները, մտածեց, որ այդ արցունքները կթռչեն դեպի երկնքի բարձունքները և այդ գիշեր կավելանա աստղերի թիվը։

Ապա Հովնաթանը համբուրեց իր փոքրիկ եղբորը, շոյեց նրա գանգրահեր գլուխը, ոսկիները դրեց գրպանը, սպիտակեղենների ծրարը նետեց ուսին, ինչպես մաղախը ճամփորդի, և շարունակեց ճանապարհը առանց ետևը դառնալու։

Մարգարիտը և Դավիթը Հովնաթանին հետևեցին աչքերով՝ մինչև ճանապարհը թաղվեց արտերի կանաչում և էլ չերևաց Հովնաթանը։

Նրանք տուն հասան, երբ լիալուսինը, ինչպես արյունաթաթավ գլուխը մարտիրոսի, բարձրանում էր լեռան քաղաքի հին ամրոցի պարիսպների ետևից։

Նրանց վերադարձով խզվեց տան լռությունը։

Մայրը վեր կացավ, մի քանի կրակ դրեց խնկամանի մեջ և մի քանի պտղունց խունկ նետելով վրան՝ ման ածեց տան բոլոր անկյունները։

Խնկի հոտը բարձրացավ օղակ առ օղակ, լցրեց տունը մեռելային բույրով։

Լռության և մթության մեջ լսվում էր Երեմիայի հեկեկանքը, աղեխարշ և միալար։


ԺԴ

Հովնաթանը գնաց և ոչ մի լուր չեկավ նրանից։

Մայրը երգ կապեց նրա վրա, երգեց և լաց եղավ։

Հայրը ամեն անգամ պապի չարխը դատարկ տեսնելուն, թափեց արցունքներ ձևավորված անոթների վրա։