Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/207

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թվականներից իվեր, չէր հասել այդ ակնթարթին, մինչև անգամ նրանք, որոնք գնացել էին մայրամուտին և սպասել մինչև լուսաբաց, չէին կարողացել ըմպել հոսող ջրից, որովհետև քնով էին անցել, և անմահության ակնթարթը թռել էր։

Մարգարիտը և Դավիթը հասան Չոր Աղբյուրը և դրստեցին կամարից ընկած մի սրբատաշ և հնաբույր քարի վրա։

Հովնաթանը, որի ճակատի վրա իջել էր թախիծը, ինչպես թանձր փոշին, այդ ժամին, նստած Դավթի որդի Անդրեասի շիրմաքարի վրա՝ շշնջում էր.

— Պապ, դու պատվիրեցիր, որ ոչ ոք չհեռանա այս ազնվագույն կավից, բայց ես հեռանում եմ, կավը բարի է և ստեղծարար, բայց մարդիկ չար են և խավար։ Ներիր ինձ, պապ, ես վերցնում եմ մի ափ կավ և դնում եմ կրծքիս վրա. թող դա լինի կապը իմ հոգու և այս հողի ու լուսավորի իմ ճանապարհը։

Հովնաթանի մթին, մռայլ արցունքները կաթեցին Դավթի որդու շիրմաքարի վրա, ինչպես անձրևի առաջին մի քանի կաթիլները։

Հովնաթանը մի քիչ էլ սպասեց, սպասեց լսելու պապի ձայնը, բայց ոչ մի շշուկ, միայն սղոխն էր անցնում դաշտից մեղմությամբ ու քաղցրագին, և ծփում էր խոտն ու խշշում էին տերևները, և որոնց խառնվում էր Հովնաթանի հեկեկանքը։

Եվ նրա քայլերն ուղղվեցին դեպի մեծ ճանապարհը։

Մայրամուտից առաջ նա հասավ Չոր Աղբյուրը, որտեղ նրան դիմավորեցին Մարգարիտը և Դավիթը։

Հովնաթանը կանգ առավ տեսնելով եղբորը և քրոջը։ Նա խոսեց նրանց հետ, բայց աչքերը հառել էին հեռո՜ւ, հեռո՜ւ։

— Հայրիկը տվեց այս ոսկիները, որ ճանապարհին ծախսես,— ասաց Դավիթը։

— Այս էլ քո սպիտակեղենները,— ասաց Մարգարիտը։

Հովնաթանին թվաց, որ մի վայրկյան վերակենդանացավ դարերով չորացած աղբյուրը և կարկաչեց մեղմ ու գորովագին։