երբ պատկերացնում էր, որ ահա վաճառվեց մեկը և տանում են... հոգին դողդոջում էր այդ հեռապատկերից։
Եվ ոչ մի աշխատանք չվաճառվեց։ Հուսահատությունը, ինչպես երկաթյա շղթա, պատեց նրան։
Վերջապես, Հովնաթանը միտք հղացավ դիմել ազգին, որպեսզի ազգն ինքը վերցնի բոլորը, տա որոշ գումար, պայմանով, որ բոլորը միասին ցուցադրի դահլիճում։ Ազգին պատկանող այսպիսի դահլիճներ բազում էին։
— Վարժապե՛տ,— ասաց թեմի առաջնորդը, որ եպիսկոպոս էր և ազգն էր ներկայացնում,— թագավոր քանդակիր, Քրիստոս քանգակիր, սուրբ առաքյալք քանդակիր, քեզ փող տամ։
— Երկու օրից պատասխան կտամ, սրբազան,— ասաց Հովնաթանը և հեռացավ։ Հուսահատությանը փոխարինեց զայրույթը և ցցվեց նրա աչքերում՝ ինչպես մերկ և ոճրի պատրաստ դաշույնը։
Երկու օրից անց՝ առաջնորդարանի ծառաները, գլխավոր քարտուղարի առաջնորդությամբ, հանդիսավորությամբ սրբազանի առաջ դրին մի ծանր տուփ, որ նվեր էր ստացված սրբազանի համար։
— Բա՛ց արեք,— հրամայեց սրբազանը հազալով և միրուքը շոյելով։
Դահլիճում, աջ և ձախ, բազմել էին ազգի երևելիները։ Գլխավոր քարտուղարն ինքը բաց արավ տուփը, քանդելով խնամքով կապված կարմիր ժապավենները։
Երբ դուրս բերվեց նվերը, բոլորն ապշահար մնացին իրենց տեղում, ոչ ոք չհամարձակվեց նայել սրբազանին, իսկ սրբազանի միրուքը վետվետում էր, որովհետև դողում էր նրա ծնոտը զայրույթից։
Նվերը մի մինիատյուր արձան էր՝ երկու ֆիգուրայով։ Մի ֆիգուրան ինքը՝ սրբազանն էր, իսկ մյուսը՝ Հովնաթանը, բռունցքը երկարած սրբազանին, բթամատը սրբազանի ճիշտ քթին։
— Նզո՛վք,— հանկարծ գոռաց սրբազանը։
Ազգի երևելիները վեր ցատկեցին բազմոցներից և քարացան։