բայց ներսում զայրույթի փոթորիկը ծայր էր առնում, բարձրանում էր առանձնասենյակը և երկար մտածում։
Երկուսն էլ համառ էին։
Հայրս համառ արիստոկրատ էր։
Մայրս՝ համառ դեմոկրատ։
Մինչև վերջն էլ հայրս չկարողացավ հաշտվել մորս դեմոկրատիզմի և մայրս էլ հորս արիստոկրատիզմի հետ։
Մայրս գիտեր, որ հայրս Ստամբուլում «դոստ» ունի։ Բայց այս մասին մորս հոգին խաղաղ էր։
Դա բխում էր ոչ թե նրա անտարբերությունից դեպի ամուսինը, այլ խորախոր սիրուց։ Սիրելով նրան՝ սիրում էր և նրա հանցանքը։
— Էրիկ մարդ է,— ասում էր մայրս,— սիրտը դադար չունի։
Հիշում եմ, որ երբ հայրս մեռավ, և մեծ եղբայրս սկսեց ճանապարհորդություններ կատարել դեպի Ստամբուլ կամ սևծովյան նավահանգիստներ՝ մայրս հանձնեց նրան ճոխ նվերների մի կապոց, որպեսզի Ստամբուլում հանձնի իր ամուսնու սիրուհուն։
Հիշում եմ նաև, որ մայրս կապոցը հանձնեց արցունքների մեջ խեղդված ոչ թե Ստամբուլի կնոջ պատճառով, այլ նրա համար, որ հայրս չկար այլևս։
— Թող սաղ ըլլեր, հազարը սիրեր,— ասում էր նա։
Մայրս ցանկանում էր, որ հորս նվիրական հիշատակներից մեկը՝ Ստամբուլի կինը, հարգված լինի։
Ստամբուլի կինն էլ մորս կապոցը ընդունել էր արցունքներով։
Հորս մահվան մասին նա առաջին անգամ լսել էր մեծ եղբորիցս։
Երկու կանայք լաց էին լինում մի տղամարդու համար, այն տղամարդու, որ այդ երկու կնոջ հոգին էլ լցրել էր սարսուռով և սիրով։
Մեծ եղբայրս պատմեց, թե ինչպես էր գնացել այդ կնոջ