մոտ՝ Ստամբուլում։ Կինն անմիջապես ճանաչել էր եղբորս, գրկել էր, համբուրել և լաց եղել։
— Բոյով-բուսով կնիկ էր, բարակ, երկար մազերով, ընկույզի գույն աչքերով, հունական քթով, կոկորդի վրա սև խալ։
Մայրս հրճվանքով լսում էր եղբորս պատմությունը և լաց լինում։
— Մեսումը[1] որբ մնաց,— ասում էր մայրս արցունքների միջից։
Մինչև այժմս էլ չեմ կարողանում ընդգրկել մորս սիրո խորությունը։ Երբ փորձում եմ նայել այդ խորությանը մեջ՝ գլխապտույտ եմ ունենում և սիրտս դողում է այդ խորությունից։
Մայրս կրթված կին չէր, նրա ուսումը Ավետարանից դենը չանցավ, բայց հզոր սիրո ազդեցության տակ նա հասել էր հոգու անսահման խաղաղության։
Կինը, եթե սիրի, լեռան ծանրություն կարող է կրել իր հոգում։
Ինչպես ասացի, մորս գերագույն մխիթարությունն էր ամեն երեկո կամ կիրակի ցերեկները ծալապատիկ նստել սենյակի մի անկյունը և Ավետարան կարդալ, առաջ՝ մեռած հորս հոգու, իսկ վերջերն էլ՝ պանդուխտ եղբայրներիս համար։
— Գևորգիս համար գլուխ մը Ավետարան կարդամ,— ասում էր նա և մի էջը բաց անում։ Բանալուց հետո, նախքան սկսել կարդալը, նրա պայծառ և շագանակագույն աչքերը լցվում էին արցունքի կաթիլներով։
Մի գլուխ կարդալուց հետո՝
— Գլուխ մ'ալ Լևոնիս համար կարդամ։
Մենք բոլորս լցվում էինք խոր և դողահար երկյուղածությամբ, անծանոթ մի սարսուռ պատում էր մեր հոգին, և մայրիկը
- ↑ Խեղճ, անօգնական, որբ։