Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/224

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շտապում էր, որպեսզի կավից հետո սկսեր քանդակել, այն՝ սպիտակ քարից, բնական մեծությամբ։ Նա զգում էր, որ մահը, համառ և ծանր քայլերով, մոտենում է։ Ոչ մի երկյուղ չէր զգում, սակայն, մահից, նա միայն ցանկանում էր ապրել այնքան, որքան կարողանար քանդակել իր հուշարձանը քարից։

Եվ ահա մահվան դիմաց՝ նա ձևավորում էր մարդկային տառապանքը — մկանների գալարում, ճղակոտոր ոսկորների տանջանք, բացված և բլրի գագաթը ձգտող թևեր, կույր և խոր աչքեր, հողմից ծեծված ցնցոտիներ, մանուկների պակուցում և սրունքների հոգնածություն։

Մարգարիտը, տեսնելով եղբոր օրեցօր դալկացող դեմքը, մեղրամոմի նման դժգույն ձեռքերը և աչքերի արտակարգ պայծառությունը, խորապես մտահոգվում էր նրա առողջական վիճակով։

— Պետք է Հովնաթանին վեր փոխադրել, պետք է նրան միառժամանակ ազատել աշխատանքից,— շշնջաց Մարգարիտն ամուսնուն, երբ նրանք բակի հին թթենու տակ կանգնած՝ խոսում էին Հովնաթանի մասին։

— Այո, պետք է փոխադրել,— համաձայնեց ամուսինը։

Նրանք միասին իջան աշխատանոցը և ստիպեցին Հովնաթանին փոխադրվել վերև և երկար ժամանակով հանգստանալ։

— Վաղը կվերջացնեմ աշխատանքը և երեկոյան կփոփադրվեմ,— խոստացավ Հովնաթանը։

Նրա ձայնը հնչում էր օտարոտի։

Կեսօրից հետո Հովնաթանը երկար աշխատեց մի քանի մանրամասնությունների վրա։

Երեկոյան շուտ պառկեց՝ բոլորովին հոգնած, գրեթե ուժասպառ։

Նա զարթնեց կապույտ լույսին, սրտի անհանգստությունից։

Օդը չէր բավում։ Վեր կացավ։ Ինչ-որ տարօրինակ զգացում պատեց նրան։ Բովանդակ շրջապատը փոխված էր