Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/225

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թվում։ Մոտեցավ լուսամուտին։ Բաց արավ։ Շնչեց առավոտյան թարմ օդը։ Կարծես մի քիչ կազդուրվեց։ Թարմ օդը շնչելիս՝ նա մտածեց մահվան մասին, դարձավ, նայեց հուշարձանին և կարոտագին մոտեցավ նրան, վերցրեց ամենանուրբ գործիքը — փորձեց աշխատել, բայց ձեռքը թուլացավ։ Հովնաթանն զգաց, որ աշխարհի դուռը փակվում էր իր դեմ, մարմինը դավաճանում էր, բայց նա վերջին անգամ հավաքեց իր հոգու ամբողջ ուժը, կարողացավ տիրապետել իր ձեռքին և բլրի գագաթին, ամեհի և ջահակիր մարդու ոտների տակ գրեց — ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ:

Գրելուց հետո՝ ժպտացին նրա կապույտ աչքերը։ Նրստեց աթոռին, աջ արմունկը հենեց կավակալին, ձախ ձեռքը դրեց բլրի ստորոտը, ճակատը հպեց սառը կավին, ճգնեց շնչել, բայց օդ չկար։

Հովնաթանը խաղաղությամբ փակեց աչքերը։

Մարգարիտը, ամեն օրվա նման, առավոտյան իջավ աշխատանոց նախաճաշով։

— Այս գիշեր նորից չի քնել,— շշնջաց նա, երբ տեսավ Հովնաթանին՝ կավակալի վրա ընկած։

Մարգարիտը մոտեցավ, բռնեց եղբոր ձեռքը։ Սառը։ Գրկեց գլուխը, շրթունքները տարավ ճակատին։ Սառը, սառը։

Բարձրացավ սրտակոտոր ճիչ։

Մի քրոջ սիրտ նկուղում ողբում էր եղբորը։

Թաղումից հետո՝ Մարգարիտն իջավ աշխատանոցը, թրջեց կավը ջրով և հորդառատ արցունքներով։

Իսկ մի քանի օր հետո՝ հագավ նա սև շորերը, երեսը ծածկեց մուգ քողով, գնաց հորեղբորորդիներից մեկի մոտ, խնդրեց, որ առանձին խնամքով թրծի Հովնաթանի հուշարձանը։

Մարգարիտը դրեց հուշարձանը աշխատանոցում, մեխեց լուսամուտները, փակեց դուռը, զմռսեց և ասաց.

— Թող փակ մնա, մինչև իմ ամենավերջին զավակի մահը։

Եվ փոշին իջավ, և մոռացումը պատեց Հովնաթանի ստեղծագործությունները։