Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/226

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԻԱ

Եվ հանկարծ խլրտաց երկիրը։

Նախ՝ հատուկտոր աղաղակներ լսվեցին երկրի ընդերքներից, բայց հետզհետե ողջ սոցիալական հատակն սկսեց երերալ։ Մահվան հռնդյունը խառնվեց ըմբոստ աղաղակներին։ Վեր բարձրացան մարդիկ, որոնք կառուցել էին ողջ երկիրը, որոնց ոսկորները տնքացել էին ֆիզիկական մթին աշխատանքից։

Եվ շարժվեցին գործարաններից, դաշտերից, նավահանգիստներից, ծովերից, շարժվեցին փողոցներից, իջան սարերից, խուժեցին գյուղերից քաղաքները, և քաղաքները հրդեհվեցին, սուլեցին հրացանները, և պայթեցին թնդանոթները, տրորվեցին ոսկյա թագերը, փշրվեցին ադամանդակուռ խաչերը, գզգզվեցին մեծատունների զգեստները, որոնք հյուսված էին աշխատավորների արյունով ու քրտինքով, շարժվեց բանակը և պաշարեց պալատները, դղյակները, կոտրատվեցին բանտերի դռները, և մութ զնդաններից դուրս եկան դժգույն, քաղցած, մահամերձ, բայց գազազած մարդիկ, քանդեցին բռնակալության որջերն ու ամրոցները։

Ողջ երկրի հետ միասին շարժվեց և այն քաղաքը, որ ծաղկած էր հին գետի ափին։

Անհուն դաշտում հրդեհներ բռնկվեցին, ծառերից ճոճվեցին մեծ ու փոքր բռնակալների մարմինները, նրանք ծնկի չոքեցին, բայց արդար և սրբազան ատելությունը չխնայեց ոչ ոքի։

Իշխանությունն անցավ գործարանների և դաշտերի հերոսներին։ Եվ նոր մարդկությունը հիշեց մեծ արվեստագետին, որ կավից և քարից կերտում էր մարդկության թշվառությունը, զրկանքը և հալածանքը։

Մարգարիտը, որ սպիտակ ծամեր ուներ և թոռներ, բաց արավ Հովնաթանի աշխատանոցի դուռը, որի բանալին, եղբոր մահից հետո, կրում էր միշտ սրտի վրա։

Մաքրեցին թանձր փոշին մեծ արվեստագետի ստեղծագործությունների վրայից։