Մեր նավը կանգնած է Շերբուրգի ծովափից հեռու։ Երեկոյան, երբ օվկիանոսի թանձր ու մռայլ ստվերները փռվեցին, սկսեց վառվել նա՝ ինչպես մի վիթխարի խարույկ ամայի ու մութ տարածության մեջ։ Դեկտեմբերին ահարկու է օվկիանոսը, գոռալով թավալվում է, հևում, գալարվում, պտույտներ է գործում հեռվում, գիշերային և ահավոր հեռվում։ Օվկիանոսի բացից գոռումներ են լսվում, վիթխարի, ահեղ ռիթմով։ Դա օվկիանոսի երգն է։
Սանդուղքները քաշեցին, փոքրիկ նավակները բարձրացան և սպիտակ խոշոր հավերի նման թառեցին նավի կողերին։ Հանկարծ սկսվեց մի բան խռխռալ, սկզբում՝ անախորժ, բայց հետո դարձավ մի վայրենի ռիթմ։ Խարիսխներն են վեր քաշում, նավի հետնակողմն սկսում է փրփրել, մութ ծովն սկսում է սպիտակել, շարժվում է արդեն նավը։ Բոցավառվող նավը մի հսկա լապտերի նման սկսում է սուրալ անհատակ ջրերի մակերեսին։
Ծովը մռնչում է դուրսը, մենք նստած ենք ընթրիքի սեղանների