Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/234

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հորձանքի հանդեպ. դրա համար է, որ նրանք զայրացած աչքեր ունեն, կիտած հոնքեր։

Օվկիանն սկսում է հանդարտվել, ամպերն սկսում են սպիտակին տալ, ջուրը կապտանում է, ամպերը, սպիտակելուց հետո, բարձրանում են և ցրվում, բացվում են նավի բոլոր դռները։ Իջնում եմ ներքև, փոխում եմ շորերս։ Պրոդոբոբոբոբոլոսը սրահից գալիս է մեր կաբինը։

— Մենք կարծեցինք, որ հորձանքը ձեզ քշեց,— աղաղակեց նա,— շատ ցավեցինք, մինչև անգամ ուզում էինք արձանագրություն կազմել իրերիդ մասին։ Լավ որ չես մեռել, քարտ կխաղանք։

— Իսկապես ո՞ւմ հետ պիտի խաղայիք, մանավանդ, որ վերջին ձեռքը չվերջացրինք,— պատասխանեցի։

Բրեմըրը չկար. վազ էր տվել «մադամների» մոտ, որոնց ոռնոցը ես լսում էի երբեմն ալեկոծության ժամանակ։

Ես և Պրոդոբոբոբոբոլոսը էլի բարձրացանք նավի տախտակամածի վրա։ Օվկիանոսը բոլորովին հանգստացել էր, արևն իր ամբողջ փառքով, որ հազվագյուտ է դեկտեմբերյան դաժան օրերին, փռվել էր օվկիանոսի վրա, ծույլ-ծույլ օրորվող ջուրը տեղ-տեղ փայլում էր ադամանդի նման և անդրադառնալով արևի շողը՝ խտխտացնում էր մեր աչքերը, ինչպես հայելուց անդրադարձող լույսի ճաճանչները։ Հսկա ձկներ գլուխները վեր էին բարձրացնում, թռչում էին օդի մեջ, կոր գիծ կազմում և էլի մխրճվում իրենց լույծ և անհատակ անկողինը։ Նավը մաքրվել էր, ինչպես նոր սրբած ապակի, ամբողջ մարմնով նա լողացել էր ջրում, իսկ հիմա հաղթական, հանգիստ օրորումով ճեղքում էր օվկիանոսի անհուն տարածությունը։

— Նավի ետևը երկար, սպիտակ ճանապարհ է բացվել, տես,— ասացի Պրոդոբոբորոբոլոսին։

— Ետև՞ը։

— Այո, ետևը։

— Դեպի ետ երբեք չեմ նայի, մինչև անգամ դժվարությամբ եմ դիտում նավի երկու կողքերը,— պատասխանեց նա։

— Ինչո՞ւ։