լվացվում և ահարկու շառաչյունով իր կողքերից և ետևից ծովը թափում։
Ծովի աշխատավորները բոլորն էլ բաց օդումն են, ոմանք՝ կայմերի, կամրջակի վրա, մյուսները՝ խարիսխի մոտ. շատերը քանդել են փոքրիկ նավակները և սպասում են մի ազդանշանի։
Ոչ մի մեքենա այնպիսի ճշտությամբ, այնպիսի ռիթմական կանոնավորությամբ չի գործում, որքան աշխատավորներն ահավոր օվկիանոսի վրա։
Մեր հսկայի կողքին լեռնանման ալիքներ են բարձրանում, զարնվում կողերին, օրորում նավը, բայց նավը անարգել և արհամարհական սլանում է առաջ, ճեղքում կոհակները։
Ծովի աշխատավորները նման չեն հողի աշխատավորներին. նրանց ճակատների կնճիռներն ալիքանման են և նման չեն հողի ակոսների. նրանց աչքերը հանգիստ և բավական չեն հողի և արևի նման, նրանք զայրացած աչքեր ունեն, կիտած հոնքեր. նրանց նայվածքը տարածուն է, հորիզոնապարփակ, նրանք չունեն հողի աշխատավորների դանդաղ, ապահովության հետ կապված մարդկանց շարժումը և ոչ էլ հողի աշխատավորների խուճապը, երբ հեղեղ է գալիս։ Նրանք դիմադրում են վիթխարի օվկիանոսի զայրույթին, ինչպես հողի աշխատավորը դիմադրում է ամբողջ ձմեռն արև չտեսած իր եզան ցասումին։
Հողի աշխատավորը քարեր է հավաքում, աննշան, ամենանուրբ քամուց իր գլուխը ծռող խոտեր է դիզում իրար վրա, փոքրիկ ցորենի հատիկներից բերդեր է շինում, բայց ծովի աշխատավորը կռվում է միշտ, տարածում է թևերը հողմերի, որոտների դեմ, բաց ծովում։ Երբ կատաղում է բնությունը, երբ բնության տարերքը ոռնում է, գալարվում, թավալվում, նյարդային հևում, ինքն իրեն փշրում, հողի աշխատավորը քաշվում է իր խրճիթը, փակում լուսամուտները և սպասում՝ մինչև բնությունը հանգստանա, մինչև տարերքը հոգնի, թուլանա, դիտապաստ ընկնի, բայց ծովի աշխատավորը հենց բնության զայրույթի, վերիվայրումների, մռնչումի և որոտի ժամանակ վազում է դեպի բաց օդը՝ բնության կատաղության