Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/236

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ասելով.— Այս թագավորն ավելի արժեք ունի ինձ համար, քան քո Կոստանդին թագավորը։

— Դուք շատ եք առաջ գնում,— բղավեց Բալթաճիսը։

— Ես գնում եմ, բայց դուք արդեն գնացել եք, եթե շատ երկարացնեք, ջրի շիշը ձեր գլխին կտամ։

— Դուք ինձ անպատվում եք անձնապես։

— Քեզ էլ, քո թագավորին էլ,— աղաղակեց Պրոգոբոբոբոբոլոսր և թքեց գետնին։

Բալթաճիսը ձեռքը մեկնեց իր անկողնի երկայնքով պառկեցրած գավազանին, Պրոդոբոբոբոբոլոսն էլ ձեռքը երկարեց ջրի շշին և բռնեց հակառակորդի վզից, բայց Բրեմըրը բռնեց Բալթաճիսին և ես էլ՝ Պրոդոբոբոբոբոլոսին։

— Եթե այսպես շարունակեք,— սկսեց Բրեմըրը,— մենք կդիմենք նավապետին և կխնդրենք, որ մեր կաբինը փոխեն. մենք չենք կարող ձեզ հետ ապրել։

Երկու հույներն էլ իրենց կռվի «գործիքները» տեղները դրին և լռեցին։

— Ես կարծում եմ,— ասացի ես,— որ Պրոդոբոբոբոբոլոսն իրավունք չուներ խնդիրն անձնականի վերածելու։

— Հարցը հենց դրանումն է,— պատասխանեց Բալթաճիսը,— կարող էր ամեն բան ասել, բայց իմ անձնական արժանապատվությանը չդիպչել։

— Միթե դուր դրա՞ համար վիրավորվեցիք,— հարցրեց Պրոդոբոբոբոբոլոսը։

— Այո, դրա համար։

Պրոդոբոբոբոբոլոսը մի պահ լռություն պահպանեց, հետո աչքերը հառեց Բալթաճիսին և երկար նայեց. նրա աչքերն անզգալի կերպով խեղճացան, դարձան բարի, ներող և աղաչական։

— Դու ինձ պետք է ներես, իմ սիրելի Բալթաճիս,— ասաց Պրոդոբոբոբոբոլոսը,— ես ուզում էի անպատվել Հունաստանի թագավորին և նախկին պրեմիերին։

— Չեմ կարող ներել ձեզ,— բղավեց Բալթաճիսը։

Բրեմըրը զայրացավ։

— Իրավունք ունի Պրոդոբոբոբոբոլոսը, քեզ էլ, քո թագավորին