Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/240

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

են ճարճատում, ինձ թվում է, որ հազարավոր կմախքների ծնոտներ կափկափում են, սիրտս ճմլվում է, երբ լսում եմ Նյու-Յորքի աղմուկը, հոգուս վրա ամպեր են կուտակվում, երբ տեսնում եմ այս փառահեղ քաղաքի ծուխը։

Պրոդոբոբոբոբոլոսը թափեց դառն և աղի արցունքներ, հետո կարմրած և առանց թարթիչների աչքերը չռեց վիթխարի քաղաքին։ Նրա աչքերում սարսափ կար, դեմքի մկանունքները խաղում էին, և լուռ էր։

Նավը մոտեցավ նավահանգստին, կամրջակը գցեցին նավից դեպի ամերիկյան ցամաքը, սկսեցինք դուրս գալ։ Մաքսային ձևականությունները կատարելուց հետո Պրոդոբոբոբոբոլոսը բռնեց ձեռքս, սեղմեց և ասաց.

— Մնաք բարով, ո՛վ է իմանում՝ կտեսնե՞նք իրար թե ոչ։

Նա գնաց, հրաժեշտ տվեց Բալթաճիսին և Բրեմըրին։ Նրանք ծիծաղով նրան ճանապարհ դրին, որովհետև նրանք չէին լսել նրա կյանքի ողբերգությունը։ Իմ հայացքը հետևեց նրան, մինչև նա կորավ ահարկու քաղաքի փողոցներում։


2. ԵՐԿՈՒ ՀՐԴԵՀ

Բնակվում էի մըստր Ռիգզի տանը։ Մր. Ռիգզի մարդկային այն շատ բնական և հասարակ կատեգորիաներից էր, որ լինում են շատ հիմար, բայց չեն իմանում։ Ինձ հետաքրքրողն էլ հենց այդ բնականն ու հասարակն էր։ Մր. Ռիգզը կլոր, գեր, կարմիր էր, իսկ տիկին Ռիգզը՝ նիհար, երկարահասակ և խոշոր, ցցված ու երկար ատամներ ուներ։

Մր. Ռիգզը հարավցի էր, նրա հայրը բարձրաստիճան զինվորական էր եղել Միացյալ Նահանգների քաղաքացիական պատերազմում չարաչար կերպով պարտված հարավի բանակում։ Ամբողջ ութ ամիս իմ հաճախակի պատահումներին՝ մր. Ռիգզը միայն մի նյութի մասին էր խոսում՝ իր