Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/247

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ի՞նչ է պատահել,— հարցրի անտարբերությամբ։

Տիկին Ռիգզը խելագարի պես ճչաց, այնքան զայրացավ նա իմ պատասխանից, որ ուզում էր դռան փայտը կծել։

— Դուք անպատվում եք մեզ գարշելի սևամորթի երեխան բերելով իմ տունը,— բղավեց մր. Ռիգզը։

— Իմ սենյակն եմ բերել,— պատասխանեցի և ուզեցի հեռանալ, երբ մր. Ռիգզն իմ թևից բռնեց անսահման զսպողությամբ։

— Դուք պետք է հեռանաք իմ տնից,— շարունակեց նա։

— Լավ, թող ամիսը վերջանա, կգնամ — պատասխանեցի և մտա սենյակս։


5

Դեռ ամիսը չէր վերջացել։ Մի երեկո, ժամը 10-ի մոտ տուն եկա, մեր փողոցը շուռ չեկած՝ տեսա, որ մեր տան անկյանը ահավոր բազմություն էր հավաքվել, ոստիկանները կանգնած էին և կարգ էին պահպանում։ Շտապեցի։

Սևամորթ Բուկերի բնակարանն այրվում էր, հրշեջները քարուքանդ էին անում շենքը, տունն ամբողջ ճարճատում էր, բոցավառվում և փլչում, ջրի մեքենան անդադար աշխատում էր։ Ջրի ահավոր մի հոսանք, իբրև անդիմադրելի մի պատնեշ, կանգնել էր մր. Ռիգզի և սևամորթի վառվող տան մեջտեղում և պաշտպանում էր Ռիգզի բնակարանը։

Մր. Բուկերը, իր տիկնոջ և զավակների հետ, կանգնած էր բոցավառվող տան դիմաց։ Բոլորն էլ դիտում էին հրդեհը ահարկու և ահաբեկված աչքերով։ Վազեցի նրանց մոտ։ Տիկին Բուկերն արցունքոտ աչքերով գրկեց ինձ և ասաց.

— Դեռ չէինք ապահովագրել տունը։

Մր. Բուկերի կարմիր շրթունքները դողում էին. նրա նայվածքի մեջ մի ամբողջ փոթորկալից ծովի մռայլություն կար։

— Մր. Ռիգզն է այրել իմ տունը, մր. Ռիգզն է կրակ գցել իմ բնակարանը, պետք է օրենքը պատժի նրան, եթե ոչ՝ ես անձամբ կպատժեմ նրան։