Ոստիկանը մոտեցավ մր. Բուկերին, կանգնեց նրա դիմաց՝ ինչպես մի դաժան կոշմար և ցածր ու հատու շեշտով ասաց.
— Գիտե՞ք, որ սպառնալիքը քրեական հանցանք է համարվում։
— Գիտեմ, ամեն բան գիտեմ, գիտեմ նաև, որ օրենքը միայն սև գույնն է տեսնում,— պատասխանեց մր. Բուկերը։
— Սո՛ւս,— սաստեց ոստիկանը, երեսը դարձրեց և մեխվեց իր տեղում։
Ես վազեցի իմ տունը, արագ բաց արի ճաշարանի դուռը, ուր մի ամսից ի վեր ոտ չէի դրել։ Մր. Ռիգզը և տիկին Ռիգզը ահաբեկված ցատկեցին, սուրճի բաժակները թափվեցին։ Ես մի պահ կանգ առա, ապա երկու քայլ մոտեցա, հայացքս հառեցի հարավի այդ երկու արիստոկրատների աչքերին և համոզվեցի, որ հրդեհը նրանք էին գցել։
— Սրիկանե՛ր,— պոռացի,— դուք անասուններ, գազաններ եք։
Նրանք չպատասխանեցին։ Մոտեցա պատուհանին, տեսա մր. Բուկերին իր կնոջով և երկու երեխաներով, որոնք լուսավորված էին իրենց բնակարանի հրդեհի բոցերով, կուչ եկած, երեխաները լաց էին լինում իրենց մոր հետ, իսկ մր. Բուկերը հառել էր իր աչքերը բոցավառվող բնակարանի դժոխային լեզուներին։
Մր. Բուկերի բնակարանում, բացի այրվող նյութերից, այրվում էր նաև ամերիկյան սահմանադրական օրենքը, և ես լսում էի նեգրի այրվող բնակարանի և կեղծամիտ օրենքի ճարճատյունները։
Երբ ես «Օլդ Սաուտ» ապարտըմանում սենյակ վարձեցի, Մեյրին միևնույն հարկի վրա հարավցի մի սպիտակ ընտանիքում աղախին էր։ Առաջին իսկ օրից ես նրան ծանոթացա