Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/256

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վրա մեֆիստոֆելյան ոճով։ Տիկին Հյուզն իր դեղին աչքերը մխրճեց Մեյրիի աչքերի մեջ։

Մեյրին կանգ առավ, նայեց ինձ, կարծես նա ուզում էր աղեկտուր մի ճիչ արձակել։ Ես անմիջապես առաջ անցա։

— Ներեցեք, տիկին,— ասացի,— ես եմ խնդրել Մեյրիին ինձ հետ ընթրելու։

— Ես ձեզ ծանոթ չեմ,— կոպտաբար պատասխանեց տիկին Հյուզը և ներս գնաց։

Մեյրին ներս գնաց նրա ետևից և դուռը փակեց։ Կես ժամի չափ ես կանգնեցի նրանց դռան առաջ, ականջ դրի, բայց ոչ մի ձայն չլսեցի։


4

Առավոտյան ես Մեյրիին չհանդիպեցի։ Մինչև անգամ ներքև իջնելուց հետո էլ նորից վեր բարձրացա, իբր թե մի բան եմ մոռացել սենյակումս, էլի չհանդիպեցի նրան։

Երեկոյան դարձյալ չհանդիպեցի։ Համոզված էի, որ նա եթե վախից չուզենար ընթրիքի գալ, գեթ կգար և կհայտներ։ Մեյրին էլի չերևաց։ Գիշերը, ամբողջ գիշերը երկար մտածեցի նրա մասին։

— Երևի տիկինը խստիվ արգելել է նրան ինձ հետ խոսել և մինչև անգամ զգուշանալ կորիդորում կամ սանդուղքների վրա ինձ պատահելուց։

Հաջորդ օրը առավոտյան ես իջա ներքևի հարկը և սպասեցի, մինչև որ Մեյրիի բարեկամ նեգրուհին դուրս եկավ։ Մոտեցա նրան և հարցրի։

— Անցյալ գիշերվանից Մեյրին չի երևում, ի՞նչ է պատահել։

— Մեյրին հիվանդ է,— պատասխանեց նեգրուհին։

— Ի՞նչ է պատահել։

— Մրսել է։

Խնդրեցի նեգրուհուց գնալ Մեյրիի մոտ և հայտնել իմ ցավակցությունը։

— Թող բժիշկ կանչի, ես կվճարեմ բժշկի ծախսը։

— Պր. Հյուզը բժիշկ կանչել է արդեն։