Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/255

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ներկայությամբ ասում է. «Մեյրի, սիրելիս, դու հազար անգամ ավելի արժես, քան իմ կինը»։ Տիկինը կատաղում է, կատաղում է ոչ թե իր ամուսնու վրա, որ պատասխանատուն է ասված խոսքերի, այլ իմ վրա։ Նա մի քանի անգամ ինձ ծեծել է իմ ստացած գովասանքի համար։ Ասում եմ՝ լավ է, որ ես այստեղից հեռանամ, ես եկել եմ պարոն Հյուզին ծառայելու, նա հիվանդ է, դրան էլ համաձայն չէ, պետք է ծառայեմ, բայց չգիտեմ ինչպես պետք է անեմ, որ գովասանքներ չստանամ։ Իսկ պարոն Հյուզը համառությամբ կրկնում է. «Մեյրի, դու սև ես, բայց հոգիդ սպիտակ է, իմ կինն սպիտակ է, բայց հոգին սև է»։ Մի քանի անգամ խնդրեցի պարոն Հյուզից ինձ չգովաբանել, բայց նա ավելի կատաղեց, նա երեկ մինչև անգամ ասաց տիկնոջ ներկայության. «Եթե ես լավանամ, պետք է գցեմ իմ կնոջը և մի նեգր, բարի աղջկա հետ ամուսնանամ»։ Ես գիտեմ, տիկինս սպասում է, որ իր ուզած մի բանը մի քիչ ուշ կատարեմ, որ նա ինձ ծեծի։

— Թո՛ղ այդ բնակարանը, Մեյրի,— ասացի,— և գնա մի ուրիշ տեղ աշխատելու, եթե ես կին ունենայի, քեզ կվերցնեի մեզ մոտ։

— Ոչ, ուրիշ տեղ չեմ գնա, ես խոսք եմ տվել պ. Հյուզին՝ խնամել իրեն, մինչև լավանա կամ մեռնի։

Մեյրին այս խոսքերն արտասանեց այնպիսի վճռականությամբ, որ այլևս ոչ մի առաջարկություն չարի։

— Դու բարի աղջիկ ես, Մեյրի,— ասացի։

Մեյրին վեր կացավ և՝

— Բարի գիշեր,— ասաց։

— Բարի գիշեր։

Դուրս գնալուց առաջ ես խնդրեցի Մեյրիին այսուհետև ամեն գիշեր գալ ինձ մոտ և միասին ընթրել։

— Կգամ,— ասաց Մեյրին ժպտալով։

Ես նրան ուղեկցեցի մինչև կորիդորը։ Մեյրիենց բնակարանի դուռը բաց էր, և շեմքի վրա ցցվել էր նրա տիկինը։

Մթնում ինձ թվաց, որ մի էգ վագր է դարանակալ սպասում մի մարդկային զոհի. նա մազերը գանգուր անելու համար թղթի կտորներ էր փաթաթել, որոնք ցցված էին գլխի