Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/258

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
5

Հաջորդ առավոտյան կանուխ դուռս թխկացրին։ Այդ թխկոցը ծանր քարի նման ընկավ իմ սենյակի մեջ։ Իրերը բոլորն էլ հառեցան ինձ տխուր և ողբագին։

— Մտե՛ք։

Ներս ընկավ նեգրուհին և գլուխը կախ՝ կանգնեց շեմքից ներս։

— Մեյրին գիշերը մեռավ,— մրմնջաց նեգրուհին։

— Ո՞ւր է նրա դիակը, ուզում եմ տեսնել։

— Կես-գիշերին մահակառքը եկավ և տարավ։


6

Պր. Հյուզը, հակառակ իր տիկնոջ ստորության և գազանության, կարգադրել էր Մեյրիին թաղել սպիտակների գերեզմանոցի՝ Հյուզի ընտանիքին պատկանող կալվածքում:

— Ինչպե՞ս կարելի է մի այնպիսի արտառոց կարգադրություն անել,— ասել էր տիկին Հյուզը,— ինչպե՞ս կարելի է թաղել նեգրին սպիտակների գերեզմանոցում, հարավային նահանգներից մեկում։

— Ավելի լավ կանես դու՝ լռես, ոճագործ,— պատասխանել էր ջղային հիվանդը, գալարվելով իր անկողնում։

Սևաթույր աղջկա դագաղի վրա ես սպիտակ ծաղիկներ տարա, նրա հոգու չափ սպիտակ ծաղիկներ։ Իմ բարեկամ նեգրուհին նրան հագցրել էր սև շորեր, սպիտակ գլխանոցով և սպիտակ գոգնոցով։ Նրա դագաղին հետևեցին միայն 4 հոգի. միայն ես էի սպիտակը նրանց մեջ։

Մեյրին հանգստանում էր իր դագաղում և ժպտում։ Ես խորապես զգացի այդ հանգիստը։

Մեյրիի հողակույտի վրա, իմ սփռած սպիտակ ծաղիկների մեջտեղում, գերեզմանապահը մի տախտակ դրեց հետևյալ մակագրությամբ․

Մեյրի Ընդըրվուդ. 1905—1922