Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/259

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Աշնանային դեղնած մի քանի տերևներ ընկան նրա հողակույտի վրա։

Սենյակ վերադարձիս՝ իրերն ինձ կառչեցին. նրանք կարծես մի բան էին ռւզում իմանալ, բայց նրանցից ոչ մեկը չխոսեց։

— Մեյրին մեռավ, թաղեցինք Մեյրիին,— բղավեցի բարձրաձայն։

Տրտմության մի լայն շունչ իջավ իմ սենյակում։


7

Անցավ 15 օր։ Մեյրիի՝ սպիտակների գերեզմանոցում թաղվելու լուրը, համառորեն տարածվեց նեգրատյաց հարավի քաղաքում։

— Ինչպե՞ս կարելի է սրբապղծել սպիտակների հանգստարանը։

— Ինչպե՞ս կարելի է կեղտոտել սպիտակների հոգին։

Կու-Կլուքս-Կլանի[1] ղեկավարները դաժան պրոպագանդա մղեցին պ. Հյուզի կարգադրության դեմ։ Տիկին Հյուզը, իր ամուսնու աչքերից հեռու, միացավ Կու-Կլուքս-Կլանի պրոպագանդային։ Ահավոր ստեր հորինեց «ազնվական տիկինը» բարի Մեյրի Ընդըրվուդի շուրջը։ Քաղաքի սպիտակ բնակչությունը զինվեց նեգրուհի Մեյրի Ընդըրվուդի անզոր դիակի դեմ։

Մեյրիի թաղումից 20 որ հետո, կես-գիշերին, Կու-Կլուքս-Կլանի կազմակերպության անգամ 15 «հերոսներ», իրենց սպիտակ, երկար և գլխի վրա սրածայր տարազները հագած, ձեռքներին բոցավառ ջահեր բռնած՝ խուժեցին սպիտակների գերեզմանոցը, փորեցին նեգրուհի Մեյրի Ընդըրվուդի գերեզմանը, հանեցին նրա նեխած դիակը, հռհռալով, ծաղրելով և ծանակելով փողոցները ման ածելով՝ տարան և նետեցին նեգրերի գերեզմանոցը։

Մեյրի Ընդրվուդի դիակը երբ անցկացրին մեր փողոցով, տիկին Հյուզը կանգնած էր լուսամուտի առաջ, ատամները ցցած՝ հրճվում էր հոշոտող շան նման։

  1. Ամերիկայի ֆաշիստական կազմակերպությունը։