Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/26

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ես անմիջապես գլխի ընկա, մոտեցա մայրիկիս, գլուխս դրի նրա անուշաբույր կրծքի վրա և լացով ասացի.

— Խզենը պառկողը ես էի, սատանա չէր։

Մեծ եղբայրս ուզեց պատժել ինձ, բայց մայրս թույլ չտվեց։

Շրթունքների վրա, այնքան սարսափից հետո, ծաղկեց մի թեթև ժպիտ, գրկեց ինձ և ասաց.

— Սատանայի աչքեր ունիս։

Եվ գուրգուրանքով շոյեց նա իմ ոսկեգույն մազերը։

* * *

Գիշերը ես վեր կացա իմ անկողնից և գնացի մայրիկիս մոտ։

Տակավին իմ հոգին չէր հանգստացել նրան պատճառած սարսափից։ Մինչև առավոտ ես քնեցի նրա անկողնում՝ վզովը պինդ փաթաթված։

Առավոտյան երբ նայեցի մայրիկիս աչքերին և հոգով ընկղմվեցի նրանց պայծառության մեջ՝ նրա ժպիտն օրորեց իմ հոգին։

* * *

Մայրս առողջ էր, ժիր և սիրուն։

Մորս հիշելիս՝ ես միշտ հիշում եմ նաև մեր պարտեզի նոճին։ Նրան շատ էր նման։

Նա բռնում էր ջրով լցված տաշտը, վեր էր բարձրացնում և, առանց ճիգի, միայն դաստակների ուժով, թափում էր։ Մի որևէ սեղան, մի ծանր առարկա տեղափոխելիս՝ չէր կանչի ոչ ոքին օգնության։ Բոլորն ինքն էր անում, անում էր թեթև, կարծես մի փոքրիկ ճյուղ էր տեղափոխում։

Ծննդաբերությունից միայն կես ժամ առաջ նա հրաժարվում էր աշխատելուց, դեմքի վրա հազիվ նշմարվում էր ցավագին ինչ-որ ծամածռության, ապա ժպտում էր ջինջ, գնում, առանձնանում, բռնում կողերը, և ահա ծնված էր լինում մեզանից մեկնումեկը։ Ասում էին, որ մեզանից մեկ-երկուսը