դեռ ամբողջովին լույս չտեսած, ոտները մորս մարմնի մեջ, սկսել են ճչալ։ Անզուսպ, առողջ մանուկներ, որոնց արյունն այնքան շատ էր լինում երբեմն, որ վախենում էին խեղդվելուց։ Մեզանից մեկն այդպես էլ խեղդվել էր մեկ-երկու ամսական եղած ժամանակ։
Մորս կաթը լինում էր հորդահոս։ Գնում էին, խնդրում կաթ չունեցող մայրերից, որպեսզի իրենց լղար երեխաները տան մորս կերակրելու։
Ես պայծառորեն հիշում եմ, դեռ 3—4 տարեկան, որ նստում էի մորս գիրկը և սկսում էի ծծել կաթը։ Մայրս մի մատով սեղմում էր ստինքը, որպեսզի քթիս փոքրիկ ծակերն ազատվեն շնչելու։ Ծծում էի անհագ և փստփստացնելով, ամբողջ հագագս լցվում էր թանձր կաթով։
Մայր, հիշում եմ քո երջանկությունը, մայրական բերկրանքը, երբ ես և եղբայրներս ըմպում էինք կաթը քո մարմնի արևային խորությունից։
Մայրը՝ դա հավիտենական, մշտաթարմ և մշտադալար լիրիկան է, դա ոսկյա ծառն է երկնքի կապույտ դաշտում բուսած։
Ամենամռայլ թախիծն է պատում ինձ այժմ, երբ հիշում եմ, որ մի քանի անգամ կաթկթել են մորս արցունքներն իմ անառակությունների պատճառով։
Ես ուզում եմ, որ այժմ մեկն ինձ դաժան կերպով խոշտանգի այդ անառակությունների համար, որպեսզի հանգստանա իմ թշվառ հոգին, որպեսզի խաղաղի մշտնջենական ողբն իմ ողբագին հոգում։
Իջնում է թանձրակարմիր և մեծաթև մի վերջալույս իմ ճակատի վրա։
Կոծում են հողմերը։ Աշխարհը ցուրտ է։
Փակեցեք դուռը աշխարհի դեմ։
Բայց մայրս ժպտում է մեր կապույտ լեռներից բարձրացող արևի միջից, տեսնում եմ նրա ծամերը արևի շողերին խառնված և լսում եմ նրա շողերի ձայնը.
«Տուր թախիծդ ինձ, մանուկ իմ, երգն իմ կողերի, ցնծա գարնան մեջ, գարուն իմ ցնծագին, վազիր բաց և դալար դաշտերում, իմ եղնիկ թեթևասույր, սուրա փրփրադեզ