Ես գլուխս դուրս հանեցի իմ լուսամուտից և թքելով տիկին Հյուզի երեսին՝ բղավեցի.
— Ոճրագո՛րծ։
— Կեղտոտ օտարական,— գոռաց նա ու ներս քաշվեց։
Առավոտյան ես վազեցի նեգրերի գերեզմանոցը։ Մեյրի Ընդըրվուդի դիակն ընկած էր գերեզմանոցի պատի տակին, բորբոսնած և անճանաչելի։
Գնացի ներս, վճարեցի գերեզմանափորին, որպեսզի փոս փորի ու թաղի սպիտակ սևամորթին։
Գերտրուդը ֆերմերի աղջիկ էր, կապույտ աչքեր ուներ և ոսկեգույն մազեր, թեթև կարմրավուն շրթներով, վազում էր Միջին Արևմուտքի ազատ դաշտերում։ Նրա ձայնը կարկաչում էր ինչպես այդ դաշտերի արծաթյա առուները, նրա կուրծքը դեռ նոր-նոր էր բարձրանում, բումբերը լցվում էին և, դեղձի նման, աննշան, անտեսանելի աղվամազով ծածկվում։
Մի օր, երբ Գերտրուդը տուն վերադարձավ դաշտից, իրենց բակում տեսավ մի երիտասարդ, սափրված երեսով, մազերը սանրած ետևից դեպի ճակատը՝ գլխի ճաղատը ծածկելու համար, որսորդի շորեր հագել, քիթը բարձր ման էր գալիս, ձեռքին՝ մտրակ։ Երբ Գերտրուդը նրան նայեց, նա ատամները բաց արեց, և երեսի երկու կողմերի վրա երկու առուներ կազմվեցին, որոնք իջնում էին ներքև և բերանի երկու ծայրերում կորչում։
Գերտրուդն ինքնաբերաբար բարևեց նրան, ծիծաղեց բարձր և վազեց ներս։
— Ո՞ւմ հետ էիր ծիծաղում,— հարցրեց Գերտրուդին նրա հայրը։