— Ես փող չեմ ուզում, թող առնի ավտոմոբիլը, երբ որ կարող կլինի, այն ժամանակը թող վճարի։
Գերտրուդը զարմացավ, որ իր հայրը չէր համաձայնել այդ պայմանների հետ։ Իսկույն վազեց տուն, հայտնեց ամեն ինչ իր մորը։ Մայրն էլ զարմացավ։
Երեկոյան Գերտրուդը և մայրը պատմեցին ֆերմերին, որ ավտոմոբիլը կարելի է գնել հեշտ պայմաններով, և նա զուր է այդքան բարկացել բարի վաճառականի վրա։
— Ինձ պայմաններ չի առաջարկել,— պատասխանեց ֆերմերը, եթե այդպես է, կգնեմ. ես գիտեմ, որ ավտոմոբիլը մեծ շահ կբերի։
Գերտրուդը, հորից գաղտնի, առավոտյան գնաց, գտավ վաճառականին և շնորհակալություն հայտնելով՝ ասաց, որ գա և նորից տեսնի իր հորը։
Ֆերմերը ավտոմոբիլը գնեց շատ հեշտ պայմաններով։ Վաճառականը գնաց քաղաք և ուրիշ պատվերների հետ միասին ուղարկեց նաև ֆերմերի ավտոմոբիլը։ Երբ առաջին անգամ գազոլինը լցրին, դարձրին պտուտակտ, և ավտոմոբիլն սկսեց խռխռալ ու հևալ, Գերտրուդն իր սրտում ուրախության մի փլուզում զգաց, որ մինչև անգամ ուզում էր լաց լինել, երգել, պարել։
Ֆերմերն իր այծամորուսը երերցրեց, մրթմրթաց քթի տակ և գրկելով իր կնոջը մրմնջաց.
— Զգում եմ, որ քո մազերը սևանում են։
Կինը չկարողացավ պատասխանել, նայեց Գերտրուդին, ուզում էր ասել, որ նա է այդ բոլոր ուրախության պատճառը։
Դեռևս հունձը չէր սկսվել, երբ ֆերմերին տարան գյուղի նոր կառուցված գերեզմանոցը և թաղեցին։ Այդ գերեզմանոցի հինգերորդ հավիտենական բնակիչը դառավ ֆերմերը։ Գերտրուդը և մայրը մնացին մենակ ավտոմոբիլի հետ. ձին վաղուց ծախել էին։
Մայրն ուժգին փաթաթվեց Գերտրուդին և ասաց.