— Ամեն ինչ կորցրի, դու մնացիր միայն։
Ֆերմերի մահից մի ամիս հետո Գերտրուդենց բակում էլի հայտնվեց քաղաքի վաճառականը։ Նա Գերտրուդին հանդիպեց սանդուղքների վրա, խոր բարևեց։ Գերտրուդը փոխանակ նրա բարևին պատասխանելու՝ սկսեց լաց լինել։
— Ի՞նչ է պատահել,— հարցրեց քաղաքի վաճառականը և կիսագրկեց նրան։
Գերտրուդը չպատասխանեց։ Մայրը դուրս եկավ և երբ տեսավ քաղաքի վաճառականին, ինքն էլ սկսեց լաց լինել։ Գերտրուդը և մայրը իրար փաթաթված լաց եղան։
— Շատ եմ ցավում,— ասաց քաղաքի վաճառականը, զգալով, որ ծերունի ֆերմերն այլևս չկա։
Արցունքներին հաջորդող երկար լռությունից հետո՝ քաղաքի վաճառականը խզեց լռությունը։
— Ծանր է ինձ համար, բայց ես էլ ֆիրմայի ներկայացուցիչ եմ, պետք է վճարեք առաջին վճարումը։
Մայրը աչքերը չռեց Գերտրուդի վրա, որովհետև Գերտրուդը հավատացրել էր մորը, որ քաղաքի վաճառականն իրենց նեղը չի գցի։
— Հայրիկի մահվանից հետո, դուք գիտեք, որ մեզ համար անկարելի է ճիշտ ժամանակին վճարել, մենք վստահ ենք, որ դուք բարի եք,— կմկմաց Գերտրուդը և բռնեց քաղաքի վաճառականի ձեռքը։
Քաղաքի վաճառականն ատամները բաց արավ, ինչ-որ մլավեց։ Մայրը և Գերտրուդը սրտատրոփ սպասում էին։
— Ավելի լավ է մեքենան ետ առնենք, քանի որ չեք կարող վճարել, ոչինչ վճարած չեք լինի, այսքան ժամանակ էլ ձրի գործածեցիք։
Գերտրուդը գլուխը կախ արավ, նրա աչքի առաջից անցավ հոր դագաղը։ Գերտրուդի սիրտը հետևեց այդ դագաղին մինչև գյուղի նոր գերեզմանոցը, և աչքերը էլի լցվեցին արցունքով։
— Հայրիկը ձին ծախեց, եթե մեքենան էլ տանեք, ինչո՞վ պետք է աշխատենք,— հազիվ արտասանեց Գերարուդը։
— Ես կարծում եմ, որ դուք պետք է ձեռք քաշեք գյուղի տնտեսությունից, երկուսդ էլ կին եք, չեք կարող գլուխ