պառավը դրոշմել էր նրա շրթներին։ Քիչ անց՝ մեռավ Գերտրուդի կապույտ աչքերով և ոսկեգույն մազերով մանկիկը, որ մեծացել էր, բայց հիվանդ էր, դժգույն և նիհար։ Գերտրուդը կորցրեց իր մարմնի բոլոր փառքը, երեսներն ակոսներ պատեցին, ատամները թափան։ Երբ նա ցավագին ժպտում էր, բերանի երկու կողքերին դաժան գծեր էին կազմվում, հաճախորդները նվազեցին, տոկոսները ո՛չ առաջվա չափն ունեին և ո՛չ էլ առատությունը։ Հանրատան կինը, այն «բարերար» կինը, որ նրան «փրկել էր» աղքատությունից, առաջարկեց հեռանալ տնից։
— Սրանից հետո հանգիստ ապրելու համար միայն մի միջոց կա, աղջիկս,— ասաց հանրատան կինը նրան,— դիմիր միսիոնարական ընկերության, նրանք քեզ Արևելք կուղարկեն, այնտեղ տիրոջ խոսքը կքարոզես և կապրես երջանիկ։ Հիսուս Քրիստոս քեզ կների, կների նա բոլոր մոլորվածներին, որոնք դարձի են գալիս և երկնքի համար են ծառայում։
Գերտրուդը հիշեց իր հին դիմումը, բայց ուզեց փորձել։ Մի քանի օր հետո՝ հանրատան երկու ընկերուհիների հետ, մի-մի ոսկեզօծ ս. գիրք և հոգևոր երգարան ձեռքներին՝ դիմեցին միսիոնարական ընկերության՝ ծառայելու տիրոջ համար։
Գերտրուդն արտակարգ անկեղծությամբ անկետա լցրեց, արցունքոտ աչքերով, մռայլած դեմքով և դողդոջուն ձեռքերով։
Գերտրուդը կորցրել էր իր մարմնի փառքը և հարկավոր էր քրիստոնեության համար։
Ընկերության նախագահությունը քննեց նրանց անկետաները և ուղարկեց Գերտրուդին Չինաստան՝ տիրոջ խոսքը տարածելու չին կուլիներին, մյուս երկուսին էլ՝ դեպի Փոքր Ասիայի հայ-քրիստոնյա մոլորվածներին քրիստոնեության գիրկը դարձնելու նպատակով, առանց անդրադառնալու իրենց երկրի միլիոնավոր «մոլորվածներին», այն երկրի, որն ունի ամբողջ աշխարհի ոսկու 62 տոկոսը։