առատ փող էր հասցնում իր պառավ մորը, որ ապրում էր գյուղի հին տանը՝ ծերունի ֆերմերի հիշատակով, և իր փոքրիկ մանկիկին։ Երբ Գերտրուդը երբեմն ազատվում էր հաճախորդներից, վազում էր տեսնելու իր փոքրիկ մանկիկին։ Նրան տեսնելն ուրախություն էր և աղեխարշ տանջանք, որովհետև զսպում էր իրեն՝ չհամբուրելու անմեղ մանկիկին, չհամբուրելու, որպեսզի հազար ու մի կեղտոտ բերանների հպած իր շրթները չքսվեին անմեղ մանկիկի մարմնին։
Գերտրուդը հանրատան մեջ դարձավ կեղծավոր, շողոքորթ, նա շպարեց իր գեղջկուհու պայծառ հոգին՝ ինչպես էմալե մի աման։
Երբ Փրկության Բանակի աղջիկները գալիս էին հանրատուն՝ քրիստոնեության համար սուրբ գիրք, ոսկեզօծ հոգևոր երգարան և կրոնական բրոշյուրներ ցրելու, մեկ-մեկ նա առնում էր դրանցից, մի քանի տող կարդում և շպրտում մի կողմ։
Մի օր նրա մոտ եկավ մի մարդ, որ կարճ ու սրածայր մորուք ուներ, աճապարում էր, ուզում էր շուտ դուրս գալ։ Երբ Գերտրուդը նրան առաջարկեց խմել (Գերտրուդը ծախված խմելիքից տոկոս էր ստանում), նա մերժեց։ «Խմելիքի փողը ես քեզ կտամ», ասաց սրածայր մորուքով հաճախորդը։ Գերտրուդն ուրախացավ։ Երբ սրածայր մորուքով մարդու դեմքը կռացավ Գերտրուդի կրծքին, նրա պիջակի տակից կախվեց կաթոլիկ կղերականի սուրբ ոսկե խաչը։ Գերտրուդն ապշեց։
— Մի զարմանար, զավակս,— ասաց կաթոլիկ հայրը,— մենք էլ մարդ ենք, բոլորի նման։
Այն ժամանակ Գերտրուդը հասկացավ, թե ինչու նա խմելիքի փողն ուզեց վճարել, միայն թե շուտով հաճոյանալ ու դուրս գալ։
Անցան տարիներ։ Գերտրուդի մայրը մեռավ հին տանը։ Նա չցանկացավ գնալ, որպեսզի դիակին չհամբուրի, անաղարտ պահելու համար այն վերջին համբույրը, որ գյուղացի