Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/28

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ալիքների վրա, ժպտա ինձնից ծծած կաթի մաքրությամբ, ջերմագին է աշխարհը, իմ զավակ, իմ ծառ երկնասլաց, իմ խնդություն, իմ սեր»։

Եվ բացվում է մի մեծ առավոտ, որի թևերը ոսկեզօծում են իմ հոգու մռայլ ափունքները։

Սավառնում է տիեզերական ցնծությունը։

Արևի միջից լսում եմ նրա ձայնը։

Արևը ինքը՝ մայր է խարտյաշ աչքերով և ոսկյա մազերով։ Թափվում է կանաչների վրա նրա ոսկեհնչյուն երգը։

Ողջ դալարն է սարսռում, իմ ջերմագին մոր սիրտն է շշնջում բոլոր պարտեզների բոլոր ծաղիկների բաժակներում։

Ըմպում եմ վարդի բույրը, թանձր՝ ինչպես մորս կաթը։

Իջնում է նորից գիշերը, խաղաղ-զովագին և աստղասարսուռ, անհուն մի գիշեր։

Մայրս գնաց արևի հետ։

Սպասում եմ առավոտին, սպասում եմ, որ մայրս ճչա նորից արևի հակինթյա սրինգով։

Գ

Այստեղ անմիջապես պետք է հիշեմ պապիս՝ մորս հորը։

Հակառակ մորս հեզահամբույր բնավորության՝ պապս խստաբարո մի մարդ էր։ Կռվում էր ամենքի հետ, քառասուն տարով քեն էր պահում, բոլորին ծույլ էր անվանում, բայց ինքը, ամբողջ կյանքում, բացարձակապես ոչ մի աշխատանք չէր կատարել, կերել էր իր հոր հարստությունը, մեծագույն մասը փաստաբաններին էր կերցրել իր մի խոսքը անելու համար, և երբ հոր հարստությունը մսխել, վերջացրել էր, որդիներն էին մեծացել և նրանց հաշվին էր ապրում։

Պապիրոսի թղթի վրա առավոտյան գրում էր, թե եթե բազար գնա՝ (եթե գնա) ինչ պիտի առնե։ Այդ ցուցակը երեք կամ չորս բանից էր բաղկացած լինում. 2 օխա շաքար, 25