քարոզող ամերիկացի «իդեալիստ» միսիոները գործնական նպատակներ է հետապնդում առավելապես։
— Է՛հ,— պատասխանում էի ես Գրոզբուն,— ավելի լավ է աման լվանալ և ապրել հոգևոր կյանքով։
— Աման լվանա՞լ, դա մարդու գործ չէ, անասունի գործ է, պետք է փող ունենալ և ազատվել աման լվալուց,— պատասխանում էր Գրոզբին զայրացած։
Ես զարմանում էի, թե ո՞ր անասունն էր, որ պիտի ցանկանար կամ կարողանար աման լվալ, ամանն իսկապես սարդը պետք է լվար, և այսպիսով մխիթարվում էի։
Գործնականության տեսակետից ես միայն մտածում էի իմ վեց դոլլարի պարտքի մասին և ուրիշ ոչինչ, ինձ միայն հետաքրքրում էին դոկտոր Մընրոյի դասախոսությունները հունական փիլիսոփայության զանազան դպրոցների մասին։ Երբ դուրս էինք գալիս դոկտոր Մընրոյի՝ Սոկրատի մասին կարդացած դասախոսությունից, պատմում էի Գրոզբուն, որ ես աչքերովս տեսել եմ Ակրոպոլիսը և Սոկրատի բանտ-քարայրը։
Գրոզբին ապշելով բացականչում էր.
— Ինչ տգետ ես։ Եվ դու դեռևս ասում ես, որ փողը հարկավոր չէ. պետք է մեծ փող աշխատել և տեսնել այդ բոլորը։
— Վեց դոլլարից ավելի չեմ ուզում, վեց դոլլար լիներ, ավելին քեզ կտայի,— պատասխանում էի Գրոզբուն։
Գրոզբին ծիծաղում էր ինձ վրա, որ ես միայն վեց դոլլարով կարող էի երջանիկ լինել, բայց ես հաստատ համոզված էի, որ նա ժպտալով կառներ, եթե նրան վեց դոլլար տար մեկը։
Մի օր Գրոզբին աման լվալու ժամանակ մոտենալով ինձ՝ ասաց․
— Թո, մի միլիոն դոլլար աշխատելու ճանապարհը գտել եմ։
Ուոլտըր Գրոզբին կատակ անել չէր իմանում, նրա բոլոր խոսքերը լուրջ էին և ծանրորեն կշռված, դրա համար ես իսկ լրջացա։
— Ինչպե՞ս,— հարցրի։