Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/279

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ընկած Թոմի ածելին, Թոմը գրպանից մի ուրիշը դուրս բերեց և սպառնաց շպրտել որևէ մեկի երեսին։ Սպիտակներից մեկը, մոտեցավ հեռախոսին, Թոմը հարձակվեց, քաշեց հեռախոսի թելը, կտրեց և ածելին ձեռքը՝ կամաց-կամաց նահանջեց դեպի դուռն ու կորսվեց բազմամարդ փողոցում։

Բոլորը մոտեցան ինձ և նրա հասցեն հարցրին։

— Չգիտեմ,— ասացի ես,— նրան պատահաբար հանդիպեցի փողոցում։


6. ԳՐՈԶԲԻ

Ուոլտըր Գրոզբին ամերիկյան համալսարանում թե՛ իմ ընկերն էր, թե՛ դասընկերը։ Երկուսս էլ աման էինք լվանում համալսարանին կից ճաշարանում՝ օրական երեք անգամ ճաշ և շաբաթը ութ դոլլար ստանալու համար։ Ես կպել էի իմ դասերին և ամանին, ծախսում էի իմ ստանալիքը ամենապարզուկ ձևով, որպեսզի ունեցած վեց դոլլարի պարտքս չավելանա, որովհետև ահա՝ տասն ամիսը անցնում էր, և ես չէի կարող այդ պարտքս վճարել։

Ես և Ուոլտըր Գրոզբին պատմության և փիլիսոփայության ֆակուլտետի ուսանողներ էինք, և դա առիթ էր տալիս Գրոզբուն ինքն իրեն ենթարկելու կծու ծաղրի։

— Բավական չէ մեր քաղցածությունը,— ասում էր նա,— փիլիսոփայություն ենք ուսանում։ Ի՞նչ օգուտ, եթե մի քանի տարուց ստանանք «պսակավոր փիլիսոփայության» կամ մինչև անգամ «դոկտոր փիլիսոփայության» տիտղոս, ավելի քաղցած պիտի մնանք, դրա վրա ավելացած և հոգևոր քաղցածությունը «փիլիսոփա» դառնալուց հետո։

Ես չէի զարմանում, որ 19 տարեկան մի պատանի այդքան գործնական ըմբռնում ուներ կյանքի մասին, որովհետև նա ամերիկացի էր. ամերիկացին եթե գործնական չէ, առաքինի չի համարվում, մինչև անգամ Միջին Ասիայում քրիստոնեություն