Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/282

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Հիշո՞ւմ ես,— սկսեց Ուոլտըր Գրոզբին,— «Միներվա» խմիչքը։

— Հիշում եմ, ինչպե՞ս չէ — պատասխանեցի։

— «Միներվա» խմիչքից պատրաստված էին միլիոնավոր շշեր և, ինչպես գիտես, ամբողջ Միացյալ Նահանգներում ռեկլամ էր եղել, լավ էլ խմիչք էր, բայց այդքան վիթխարի ծախսերից հետո «Միներվա»-ն չբռնեց, չծախվեց, միլիոնավոր շշերը մնացին պահեստում, և հիմա միայն նրա շիշը արժեք ունի։

— Հետո՞։

— Ես մի քիչ մտածեցի և «Միներվա»-ի անհաջողության պատճառը գտա։ Այս մի քանի օրերը, որ հեռացա համալսարանից, գնացի Չիկագո՝ մի հարուստի մոտ, ամբողջ երեք օր խնդրեցի նրա քարտուղարից ներկայանալ նրան, բայց ինձ չհաջողվեց։ Վերջապես մի բացիկ գրեցի.

Հարգելի պարոն,

Ես կարող եմ ցույց տալ ձեզ միլլիոններ աշխատելու միջոցը, եթե ինձ երկու րոպե լսելու բարությունն ունենաք:

Այսքան։ Երևակայիր, հաջորդ առավոտ ինձ կանչեց այդ հարուստը՝ մր. Ի. Ի. Հարտընը, և ես նրան ասացի, որ կարող էի ցույց տալ «Միներվա» խմիչքի անհաջողության պատճառը, եթե ինձ մի միլիոն դոլլար տալու մի պայմանագիր ստորագրի՝ հաջողությունից հետո վճարելի։ Երեք օր մտածելուց հետո՝ նա ստորագրեց այդ պայմանագիրը։

Ուոլտըր Գրոզբին գրպանից հանեց պայմանագիրը և ցույց տվեց։ Ճիշտ էր։

— Այդ պայմանագիրը դեռևս շատ ջուր կվերցնի,— ասացի ես, ուզենալով մի քիչ էլ ինքս գործնական դառնալ, կարծելով, որ առևտրի մեջ կասկածելը հեռատեսություն և գործնականություն է նշանակում։

— Դու կտեսնես,— պատասխանեց ինձ Գրոզբին երկաթե համոզումով։— Մր. Ի. Ի. Հարտընը արդեն գնեց բոլոր պատրաստի «Միներվա»-ի շշերը իբրև սոսկ շիշ. այժմ աշխատանքը շարունակվում է համաձայն իմ ցուցմուեքների,— վերջացրեց Գրոզբին։