— Բայց ի՞նչ են քո ցուցմունքները,— հարցրի։
— Հետո կասեմ,— պատասխանեց Գրոզբին,— հիմա՝ երբեք։
Մեկ-երկու օրից Գրոզբին էլի մեկնեց Չիկագո, իսկ ես շարունակեցի իմ առօրյան խոհանոցում և համալսարանում։
Ուոլտըր Գրոզբու մասին ոչինչ չլսեցի ամբողջ վեց ամիս, ինքն էլ մի բացիկ չգրեց։ Հաստատ համոզվեցի, որ նա իր երիտասարդության փառասեր գլուխը զարկեց բախտի ժայռերին և փշրեց։
Երբեմն հիշում էի նրան, մինչև անգամ իմ ուրիշ մտերիմներիցս մի քանիսին պատմեցի։ Նրանք էլ միացան ինձ և սկսեցին ծիծաղել։
— Մեկ միլիոն դոլլար, հե՞, համալսարանը չհավանեց. մենք որ ավարտենք, առնվազն 200 դոլլար ռոճիկ կստանանք, և դա կգոհացնի մեր ֆանտազիան,— ասում էր այդ պատմությունը լսողներից մեկը։
— Շատ ընդունակ ուսանող կարող էր դառնալ, եթե այդպիսի զարհուրելի ֆանտազիա չունենար,— ասում էի ես,— որովհետև Ուոլտըր Գրոզբուն ոչինչ չէր պակասում. ընդհակառակն, նրան խանգարում էր երևակայության չափազանց բոցավառությունը։
Երկրորդ սեմեստրի քննությունները տված էի և պատրաստվում էի մեկնել գյուղ, դաշտային աշխատանքներ կատարելու՝ թե՛ ապրելու և թե՛ այն վեց դոլլարի պարտքս վճարելու համար։ Մի օր մեկը ավտոմոբիլով դռանս կանգնեց և ուզեց ինձ տեսնել։ Լուսամուտից նայեցի — Ուոլտըր Գրոզբին էր։ Վազեցի, ողջագուրեցի։ Ավտոմոբիլը քշեց, և մենք գնացինք լճի ափին կանգնած մի կաֆե։
— Ինչպե՞ս ես, մի միլիոնը աշխատեցի՞ր,— հարցրի անմիջապես և պատրաստ էի բացասական պատասխան ստանալ ու համոզել նրան, որ էլի համալսարան վերադառնա։
— Իհարկե,— պատասխանեց Գրոզբին։ Նրա ձայնում ոչ մի պատրանք չկար։
— Մեզ «Ապոլլո» տվեք,— ապսպրեց սպասավորին։
«Ապոլլո»-ն նոր դուրս եկած մի խմիչք էր։