Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/287

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
* * *

Տիկին Պուլմենն ընտանեկան պաստորի միջոցով թաղել տվեց իր մտերմին քաղաքի գերեզմանոցի ընտանեկան սեփական կալվածում։

Թաղումից հետո՝ պաստորն ընկերացավ տիկին Պուլմենին մինչև նրա ապարանքը քրիստոնեական եկեղեցու պարտավորությունները լրացնելու համար։ Ապարանքում պաստորը գիրք կարդաց և ջերմագին աղոթեց։

Տիկին Պուլմենը պաստորին պատմեց հանգուցյալի մասին։ Պաստորը տխրությամբ, տրտում հոգով լսեց հանգուցյալի մասին։

Երբ պաստորը հրաժեշտ էր առնում, տիկին Պուլմենը նրան հաղորդեց, որ 2 000 դոլլար է նվիրում այս մահվան առթիվ քաղաքի «Երիտասարդաց Քրիստոնեական Ընկերության»։

Բուրժուական մամուլն այս լուրը հաղորդեց խոշոր տառերով և առանձին գնահատականով։


8. ՈՒԹՆ ՕՐՎԱ ԿՆՈՋ ԾԱԽՍԸ

Երբ մր. Կուլինզը մտավ Նյու-Յորքի «Ուալդորֆ֊Աստորիա» հյուրանոցը՝ իր անունն ստորագրելու և սենյակ ստանալու մի շաբաթվա համար, նրան մոտեցավ 30 տարեկան, սև մետաքս հագած մի գեղեցիկ կին, բարևեց և ուզեց հետը խոսել։ Մր. Կուլինզն իր 40 տարվա առևտրական և քսանուհինգ տարվա ամուսնական կյանքում ճանաչել էր միայն երկու տեղ իր առևտրական վիթխարի տունը, 13 հարկանի, որի մեջ աշխատում էին ավելի քան 10000 ծառայող, և իր ընտանեկան տունը՝ կինը և երեխաները։ Մր. Կուլինզն ուներ նաև երկու ամուսնացած որդի, որոնք ապրում էին առանձին։

Մր. Կուլինզը 60-ից քիչ անց մի առույգ ծերունի էր, քսան տարեկանից սկսել էր ծառայել այն միևնույն առևտրական