Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/288

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տան մեջ, որի սեփականատերն էր հիմա։ Սկսել էր նա իր ծառայությունը շաբաթական 4 դոլլար վարձով՝ պլատֆորմի վրա իբրև ամեն բանի հասնող ճարպիկ մի երիտասարդ, և հասել էր այդ հսկա առևտրական տան տիրոջ դիրքին։ 40 տարվա ընթացքում կարողացել էր նա այդ առևտրական տան տերը դառնալ, նվիրելով իր ամբողջ կյանքն այդ տան տերը դառնալուն, մոռանալով ծաղիկները և կանանց։

— Ի՞նչ կարող եմ անել ձեզ համար,— հարցրեց մր. Կուլինզի գեղեցիկ կնոջը, երբ կինն արդեն բռնել էր նրա սպիտակ ձեռքը և հաղորդել էր նրա մարմնին այն միևնույն դողը, որն ստացել էր մր. Կուլինզը 35-36 տարի առաջ, երբ հանդիպել էր իր կնոջը։

— Ոչինչ,— պատասխանեց գեղեցիկ կինը երգող ձայնով,— ուզում էի ձեզ հետ ծանոթանալ, իմ ամուսինն էլ ձեզ նման հայտնի առևտրական էր, երբ նա դեռևս ապրում էր։

Մր. Կուլինզը մի պահ երերաց, իր կարճ հասակից դիտեց սլացիկ հասակով կնոջը, ժպտաց և՝

— Գնանք դուրս,— ասաց։

— Գնանք,— պատասխանեց գեղեցիկ կինը։

Երբ փակ ավտոն սլանում էր Հըդսըն գետի ափերով, մր. Կուլինզը և գեղեցիկ կինը ավտոյի մեջ ոչ մի խոսք չէին փոխանակում։ Գեղեցիկ կինը կծկվել էր մարմնով փոքրիկ ծերունու գրկում։ Երբ վերադարձան «Ուալդորֆ-Աստորիա» հյուրանոցը, մր. Կուլինզը մոտեցավ ստորագրության տետրին և ստորագրեց.

— Տեր և տիկին Ու. Ա. Կուլինզ։

Նրանք բարձրացան սենյակ։

Երկու ժամից հետո մր. Կուլինզն իջավ դահլիճ, մի հեռագիր խմբագրեց և ուղարկեց կնոջը՝ ըստ տարիների սովորության.

«Առողջ եմ, գործերս մի շաբաթից կվերջացնեմ և կվերադառնամ.

Բյուրավոր համբույրներ.

Ուալդո»