- Մի՛ վախենաք,— փսփսաց նա։
— Մի բան եմ խնդրում քեզանից։
— Պատրաստ եմ,— պատասխանեց սպասուհին։ Նրա դեմքի վրա հրճվանքի մի մեծ ալիք բացվեց։
— Սպասիր, գորգերը հավաքեմ, կասեմ։
Գորգերը հավաքեցի, հանձնեցի նեգրին, որ դարսի կառքի մեջ, և մոտենալով սպասուհուն՝
— Երիտասարդ լեյդի,— ասացի, թույլ տուր տեսնեմ Դանտեի «Աստվածային կոմեդիա»-ի մեծ հատորը։
Սպասուհին ապշած նայեց իմ աչքերին և սկսեց բարձր ծիծաղել ու հռհռալ.
— Խնդրեմ, խնդրեմ։
Առանց ուշք դարձնելու կանացի հռհռոցին՝ արագորեն վերցրի «արքայական» հատորը։ Թեթև էր, փորձեցի բանալ, բայց չկարողացա, դես-դեն շուռ տվի, անօգուտ։ Սպասուհին շարունակում էր դաժանորեն ծիծաղել։
Զայրացած՝ գետին շպրտեցի Դանտեն։
— Այս բոլոր գրքերը կարտոնից են շինված,— հարեց սպասուհին,— ավելի լավ է, որ վերցնես «Կապույտ գիրքը» և կարդաս։
— Շնորհակալ եմ,— պատասխանեցի և սկսեցի քայլել դեպի դուրս։
Միջանցքից լսում էի, որ սպասուհին ծիծաղում էր անգութ կերպով։
Սպանիայի հարավում, Անդալուզիայում առատ է գինին և պարը։ Այնտեղ մարդիկ հագնվում են ծիածանի բոլոր գույներով, ներքևում՝ սաթի դեղին շապիկը ծովի կապույտ, արյան գույն բոսոր, լայն երիզներով։ Անդալուզիացիները պարում են փոթորկահույզ ճիշտ ծովի ալիքների նման, գալարում են իրենց մարմինները, պարում են երազային աչքերով,