կառք բերելու ու տանելու գորգերը նորոգելու և լվանալու համար։
Վերադարձիս արդեն որոշել էի խնդրել, որ ինձ թույլ տար գեթ տեսնելու Դանտեի «Աստվածային կոմեդիայի» մեծ հատորը, որի վրա շլացուցիչ տառերով գրված էր — «Արքայական հրատարակություն»։
Վաղուց լսել էի, որ «Աստվածային կոմեդիայի» մի այդպիսի շքեղ հրատարակություն գոյություն ունի, որի նկարազարդումը գերազանցում է ցանկացած գրքի նկարազարդումր։
— Անպայման այդ հրատարակությունը կլինի,— մտածում էի։
Երբ վերադարձա մր. Ֆինկլշտայնի ապարանքը, էլի ինձ դիմավորեց նույն գեղեցիկ սպասուհին։
— Ի՞նչ լուռ բնակարան է,— ասացի սպասուհուն՝ միջանցքներով անցնելիս, որպեսզի մի խոսք բանամ և հետզհետե հասնեմ գրքերի հարցին։
— Լուռ է, այո, և շատ էլ տխուր,— պատասխանեց սպասուհին։
— Տխո՞ւր, ընդհակառակն, լավ է այստեղ, լուռ, խոր։
— Այս հսկա տան մեջ միայն այդ պառավն է և մին էլ մր. Ֆինկլշտայնը, նրա ամուսինը, ուրիշ ոչ ոք չկա, շատ գործ էլ չկա, որ չտխրեմ։ Ես դիմավորում եմ միայն այցելողներին և ճանապարհ գցում նրանց, ճաշն էլ դրսից է գալիս, ոչինչ չկա անելու, այնքան տխրում եմ, որ երբեմն մտածում եմ գնալ դուրս, լինել գործազուրկ, բայց լինել մարդկանց մեջ, աղմկի մեջ։
— Կարդացեք,— ասացի զսպված բարկությամբ,— կարդացեք, կարդացեք, ա՜խ, եթե ես ժամանակ և գիրք ունենամ կարդալու...
— Կարդում եմ,— պատասխանեց սպասուհին,— շատ եմ կարդում, «Կապույտ գրքի» վերջին համարն ամբողջ վերջացրել եմ, ուզում եք ձեզ տամ, կարդացեք։
— «Կապույտ գիրքը» չեմ ուզում,— ասացի և մատենադարան չմտած՝ բռնեցի նրա ձեռքը։ Չդիմադրեց։