Ընթրիքին Իզաբելլա Սերրանոն իր ագենտի հետ միասին նստել էր սեղան։ Նրանց դիմաց նստած էր մի երիտասարդ, երկար մազերով։ Երիտասարդը բարի և խոհուն աչքեր ուներ։ Ծխամորճը բերանին՝ նա ինչ-որ մտքերով էր տարվել, բայց երբ նշմարեց Իզաբելլային, աչքերը հառեց նրան, կարծես գտավ նա իր կորցրած մտքերի թելը։ Իզաբելլան բարձրացրեց թերթերունքները և նայեց երիտասարդին։ Երիտասարդը շարունակեց նայել Իզաբելլային, որ պալմայի տերևների նման մուգ, երկար և սև թարթիչներ ուներ, որոնք ստվերում էին նրա աչքերի խորքը։
Երբ Իզաբելլան ընթրիքը վերջացրեց, ոտի կանգնեց մի կարմիր խնձոր ձեռքին։ Ագենտը նրա մանիշակագույն ուսնոցը նետեց նրա ուսերին։ Նա դարձավ երիտասարդին և ժպտաց։ Երիտասարդն անմիջապես ոտի կանգնեց, խոնարհվեց՝ մինչև Իզաբելլան հեռացավ։
Ժպիտը երևաց Իզաբելլայի դեմքի վրա՝ ինչպես առաջին աստղն է բացվում պաղպաջուն երկնքում։ Նա քայլեց և հեռացավ՝ ինչպես մակույկը ջրում։
Առավոտյան նախաճաշին Իզաբելլան մենակ էր։ Ծովն օրորում էր նավը թեթև փետուրի նման։ Ճամփորդների իննսուն տոկոսը չէր կարողացել հեռանալ անկողնից։ Մութ էր առավոտը, բայց շոգենավի ճաշադահլիճում վառվում էր ջահը։ Դուրսը կատաղել էին մուգ-կապույտ կոհակները, ծեծում էին նավի կողերը։
— Դոննա Իզաբելլա, եղե՞լ եք դուք Ամերիկայում,— հարցրեց երիտասարդը։
— Դուք որտեղի՞ց գիտեք իմ անունը։
— Առավոտյան թերթից, չե՞ք կարդացել թերթը,— հարցրեց երիտասարդը և երկարեց նրան նավի թերթիկը։
Իզաբելլա Սերրանոն արագորեն նայեց թերթիկի վրա և դառնալով երիտասարդին՝