— Ոչ,— ասաց,— առաջին անգամն է, որ գնում եմ Ամերիկա, առաջին անգամն է, որ դուրս եմ գալիս Անդալուզիայից։
Երիտասարդն էլի նայեց նրան, նա կարծես ճանաչեց Իզաբելլա Սերրանոյին։
Նախաճաշից հետո՝ նրանք երկուսով բարձրացան վերև և կանգնեցին նավի կամրջի վրա։ Ծովը մռնչում էր, փրփրերախ կոհակներ էին բարձրանում։ Նրանք օրորվում էին բաց և մռայլ ծովում։
— Ինչպե՞ս է ձեր անունը,— հարցրեց Իզաբելլան երիտասարդին։
— Էմիլ։
— Ազգանո՞ւնը։
— Այսքանը բավական է, ֆրանսիացի եմ,— վերջացրեց երիտասարդը։
— Դուք խորհրդավոր մարդ եք, առանց ազգանունի,— հարեց Իզաբելլան։
— Ես գաղտնի եմ գնում Ամերիկա, միայն այսքանն իմացեք, դոննա Իզաբելլա,— բարի տոնով պատասխանեց երիտասարդը։
Իզաբելլան չուզեց շարունակել և խոսքը փոխելով՝ հարեց.
— Ծովը կատաղի է, բայց ես սիրում եմ կատաղի ծովը։
— Ամերիկյան կյանքն էլ կատաղի է, ինչպես այս ծովը։ Դոննա Իզաբելլա, զգույշ եղեք այդ կատաղի կյանքում։
Հանկարծ մռայլվեցին Իզաբելլայի աչքերը։ Ապա նա պատմեց, որ ինքը մի գյուղացի աղջիկ է, ագենտը տեսել է իրեն պարելիս, ծանոթացել, եկել է իր մոր մոտ, առատ փող է տվել և մի տարով պայմանավորվել է տանելու իրեն Ամերիկա՝ պարելու համար։
— Մի տարուց պետք է վերադառնամ Անդալուզիա,— վճռական տոնով վերջացրեց Իզաբելլան։
— Մի՞թե կարիք ունեիք ագենտի տված փողին,— հարցրեց Էլիլը։
— Այո, մեծ կարիք ունեինք. հայրս նոր էր մեռել,