Երեկո էր, երբ շոգենավը հասավ Նյու-Յորքի նավահանգիստը։ Վիթխարի հրդեհի նման վառվում էր Նյու-Յորքը։ Բոլոր ճամփորդները տախտակամածի վրա էին։ Ֆրանսիացի բանաստեղծը և Անդալուզիայի գեղջկուհին կանգնել էին նավի առաջակողմում և դիտում էին ահավոր քաղաքը։
— Ահա Նյու-Յորքը,— ասաց ֆրանսիացի բանաստեղծը։
— Ես կկորչեմ այս մեծ քաղաքում,— մրմնջաց Իզաբելլան։
— Ամբողջ Նյու-Յորքը ճանաչում է ձեզ հիմա,— շարունակեց բանաստեղծը,— բոլոր թերթերը հիմա հրատարակած կլինեն ձեր լուսանկարը, ձեր ագենտը շատ ճարպիկ է։
— Դուք էլի սկսեցիք ձեր չար խոսքերը։
— Ես եղել եմ այս երկրում, տեսել եմ այս երկիրը հատակից մինչև ոսկեզօծ կեղտոտությունները, էլի եմ ասում, զգույշ եղեք, դոննա Իզաբելլա, վերցրեք միայն այնքան դոլլար, որքան հարկավոր է ձեզ և ձեր ընտանիքի համար և շուտ, շատ շուտ վերադարձեք Անդալուզիա։
Նավը կանգ առավ, խարիսխները ձգվեցին վայրենի ռիթմով։ Ճամփորդները բոլորն էլ իրարանցման մեջ էին, բոլորն էլ աճապարում էին դուրս գալ։ Իզաբելլան և բանաստեղծը դարձան, ետ նայեցին և տեսան դը-Վալերային՝ շրջապատված նոր մարդկանցով։ Այդ նոր մարդիկը էլի թղթակիցներ էին, որոնք եկել էին նավ՝ հատկապես տեղեկություններ ստանալու համար սպանացի պարուհու մասին։ Ագենտը նրանց ծանոթացրեց Իզաբելլայի հետ։ Իզաբելլան երկյուղով էր նայում արագախոս այդ մարդկանց։ Հանկարծ շրջապատեցին Իզաբելլա Սերրանսյին լուսանկարչական գործիքներով, փայլեցին բոցավառ լույսեր՝ նկարելու համար: Իզաբելլան բնազդորեն մոտեցավ բանաստեղծին և փսփսաց նրան.
— Ես ուզում եմ ձեր հասցեն իմանալ, դուք իմ բարեկամն եք։
— Այժմ հասցե չունեմ, բայց ես ձեզ կգտնեմ։