քույրերս փոքր են, իսկ մայրս՝ բոլորովին անպաշտպան։
— Ամերիկայում զգույշ եղեք, դոննա Իզաբելլա, Ամերիկայում այնքան փող կա, որքան գինի՝ Անդալուզիայում։
Իզաբելլան նորից նայեց Էմիլին, և Իզաբելլայի նայվածքն այնքան մռայլ էր, որքան ծովը։
Նավի ծառայողներից մեկը մոտեցավ Իզաբելլային։
— Մյուսյո դը-Վալերան ձեզ խնդրում է,— ասաց։
— Շուտով կվերադառնամ,— հարեց Իզաբելլան Էմիլին և իջավ կամրջակից ներքև։
Սանդուղքներից իջնելիս՝ քամին թռցնում էր նրա մանիշակագույն ուսնոցը, և նա նման էր թևատարած թռչող առասպելական թռչունի։
Էմիլը դեռևս կանգնած էր կամրջակի վրա և դիտում էր արևը, որ նայում էր նոր ճեղքված մի ամպի միջից, երբ Իզաբելլան վերադարձավ։
— Դը-Վալերան գլուխը չի կարող բարձրացնել անկողնից։
— Ինչո՞ւ է ձեզ կանչել, դոննա Իզաբելլա։
— Ցանկացել է տեսնել ինձ, ուրիշ ոչինչ։
— Նա նայում է ձեզ վրա՝ ինչպես վաճառականն իր ապրանքի վրա,— ասաց Էմիլը։
— Ինչո՞ւ եք այդպես կարծում, նա շատ բարի է դեպի ինձ և դեպի իմ ընտանիքը։
— Այո, այնքան ժամանակ, որքան դուք կկարողանաք պարել,— պատասխանեց Էմիլը։
— Դուք այնքան բարի աչքեր ունեք, բայց չար բաներ եք ասում,— հարեց Իզաբելլան մռայլ և տխուր։
— Իմ ասածները չար չեն, միայն ցանկանում եմ, որ զգույշ լինեք հրդեհից, որպեսզի հանկարծ չբռնկվեն ձեր սևառատ մազերը։
— Դուք ի՞նչ գործով եք զբաղվում,— հարցրեց Իզաբելլան։
— Բանաստեղծ եմ,— պատասխանեց Էմիլը;
Արևը փայլում էր օվկիանոսի մուգ-կապտավուն ալիքների վրա, բայց Իզաբելլա Սերրանոն մռայլ էր՝ ինչպես առավոտյան ծովը։