Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/315

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է ողբագին, կարծես խավարում մոռացված մի շող էր արևից բաժանված, զգում էի, որ դեմս նստած է մի շոշափելի, կիզիչ տխրություն։

— Միայն մի ցանկության ունեմ,— շարունակեց արաբուհին,— մի օր, ա՛խ, միայն մի օր կարողանայի բոբիկ ոտներով ման գալ տաք, այրող ավազների վրա, ոտաբոբիկ, բոլորովին ոտաբոբիկ, ապա հանդիպեի մի արմավենու, նստեի նրա զով շվաքի տակ։

— Բինտ-Էլ-Թալիբ, թույլ տվեք ձեզ այդպես կոչել...

— Ուզում եմ, որ այդպես կոչեք. քանի տարի է՝ ես այդ անունը չեմ լսել։

— Բինտ-Էլ-Թալիբ, խնդրեցեք մր. Շիլդից ուղարկել ձեզ Արաբիա մի քանի ամսով։

— Վախենում է, որ չվերադառնամ. ես բախտ չեմ ունենալու տեսնելու ավազները, արմավենիները, այրող ավազները։

Հարավի այս աննման բույսը մրսում էր հյուսիսի սառնամանիքում, կուչ էր գալիս նա հյուսիսի երկաթե հողմերի առաջ։

Սրճարանի սպասավորը, արևելյան ավելորդ խոնարհումներով, երկու բաժակ սուրճ դրեց մեր առաջ և ծեքծեքումներով հեռացավ։ Թալիբի դուստրը մեղմորեն բարձրացրեց իր աջ ձեռքը, բռնեց նարնջագույն ֆինջանը։ Նրա թուխ մատի վրա փայլում էր մի խոշոր և գոռոզ ադամանդ։ Ես շեշտակի նայեցի ադամանդին։

— Արաբիայի մի հատիկ ավազը ես չեմ փոխի այս ադամանդի հետ, անկեղծ եմ ասում։

Ես խորապես հավատացի նրա խոսքի անկեղծությանը։

Նա սուրճը խմում էր կարոտով, սիրո կարոտով։

— Բինտ-Էլ-Թալիբ, դուք մի արմավենի եք այս հյուսիսում,— ասացի,— զուր է մր. Շիլդը կարծում, որ կարող է թարմ և կանաչ պահել մի արմավենի ցեմենտի և բետոնի այս երկրում։

Թալիբի դստեր աչքերից վազեցին արցունքի խոշոր կաթիլներ, որոնք ավելի խոր և ավելի պայծառ էին, քան նրա մատի գոռոզագույն ադամանդը։